Լավրովը նշել է 3+3 ֆորմատով հնարավոր հանդիպման մասին
«Մենք կողմնակից ենք հնարավորինս արագ տրանսպորտային կապերի լիարժեք վերականգնմանը և տարածաշրջանում հանքաքարի հանքավայրերի զարգացման շուրջ տարաձայնությունների լուծմանը»,-Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա ասել է՝ թեման հին է, Խորհրդային Միությունից ժառանգություն է մնացել։
«Մենք ելնում ենք նրանից, որ բոլորը պետք է խստորեն պահպանեն Լաչինի միջանցքով շարժման ռեժիմի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները։ Մեր ադրբեջանցի գործընկերները, ինչպես հասկանում եմ, նույն դիրքորոշումն ունեն»,-ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ ինչպես արդեն ասել է, նախատեսել էին հանդիպել երեքով։
«Քննարկումը ենթադրվում էր իմ երկու գործընկերների միջև խաղաղության պայմանագրի շուրջ։ Մենք պատրաստ էինք աջակցել այս քննարկմանը: Բայց, այնուամենայնիվ, այսօր մենք անդրադարձանք խաղաղության պայմանագրի թեմային։ Մենք կարծում ենք, որ պետք է ամեն ինչ անել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար»,-ասել է նա։
Լավրովի խոսքով, Ռուսաստանը, հավանաբար, ավելի քան որևէ մեկը, շահագրգռված է այս տարածաշրջանում բարեկամ երկու պետությունների միջև կայուն, արդար խաղաղության հաստատմամբ։
«Ժամանակին, գրեթե երկու տարի առաջ, Ադրբեջանի նախագահը հանդես եկավ մի գործընթաց ձևավորելու նախաձեռնությամբ, որտեղ Հարավային Կովկասի երեք երկրներն են և նրանց հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, այսպես կոչված «3 + 3» խումբը։
Այսօր մենք արդեն հանդիպում ենք նախապատրաստում նախարարների մակարդակով։ Նման շփման նպատակահարմարության ըմբռնում կա, մենք պայմանավորվում ենք ժամկետների և կոնկրետ վայրերի շուրջ, որտեղ կարող է նման հանդիպում կայանալ»,-ասել է Լավրովը։
Նա այսօրվա հանդիպումը շատ օգտակար է որակել, նշել, որ խաղաղության պայմանագրի թեման մշտական ուշադրություն է պահանջում, «որքան հաճախ օգնենք առաջ մղել բանակցային գործընթացը, այնքան շուտ կլուծվեն անհանգստություն առաջացնող հարցերը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները