«Նվիրատուներ և նվիրատվություններ». Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվեց անվանի մարդկանց դիմանկարներով
Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է «Նվիրատուներ և Նվիրատվություններ. Արամ Իսաբեկյան» ցուցադրությունը։ Այն Ազգային պատկերասրահի՝ 2021 թվականին նախաձեռնած «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագծի երկրորդ ցուցադրությունն է։ Առաջին ցուցադրությունը ներկայացնում էր Հովհաննես Այվազովսկու և նրան առնչվող հայ ծովանկարիչների ստեղծագործությունները:
Այս ցուցադրությունը ներկայացնում է Արամ Իսաբեկյանի ստեղծագործության կարևոր մաս կազմող դիմանկարների յուրահատուկ շարքը. մտահղացումից իրականացում ստեղծագործական ճանապարհը բացահայտող ցուցադրությունն ընդգրկում է 20-21-րդ դարերի հայ նշանավոր տարբեր գործիչների դիմանկարներ ու գրաֆիկական ճեպանկար-էսքիզներ: Ցուցադրության համադրողն է Ազգային պատկերասրահի տնօրեն, արվեստաբան Մարինա Հակոբյանը։
«Դեռևս 2021 թվականին թանգարանում մեկնարկեց կարևոր նախագիծ՝ «Նվիրատուներ և նվիրատվություններ»։ Ինչու կարևոր, որովհետև ոչ միայն մեր թանգարանը, հայաստանյան թանգարանները, այլ աշխարհի գրեթե բոլոր թանգարանները, հատկապես պետական, համալրվում են հենց նվիրյալների, մեկենասների, ժառանգների, նկարիչների նվիրատվությունների շնորհիվ։ Եթե չլինեն այդ նվիրատվությունները, չեն լինի մեր ահռելի ու հարուստ հավաքածուները։ Մեր թանգարանն ունի 40 հազարից ավելի ցուցանմուշ, մեծ մասը մեզ է հասել հենց նվիրատվությունների, նվիրյալների շնորհիվ»,- ցուցահանդեսի բացմանն ասաց Մ. Հակոբյանը։
Նրա ներկայացմամբ, այսօրվա իրենց ցուցադրությունն ընդգրկում է խորհրդանշական հավաքածու։
«Դա Արամ Իսաբեկյանի հավաքածուի կարևոր մաս կազմող դիմանկարներն են։ Ոչ պարզապես դիմանկարներ։ Պատահական չէ, որ թանգարանի համար հենց այս հավաքածուն է ընտրված։ Դա 20- 21-րդ դարերի հայ նշանավոր գործիչների, ոչ միայն մշակութային, դիմանկարների շատ կարևոր ընտրանին է»,- նշեց ցուցադրության համադրողը։
Մարինա Հակոբյանը մեջբերելով Արամ Իսաբեկյանի խոսքերը՝ «պորտրետն ընդհանրապես դժվար ժանր է, ես նկարում եմ այն մարդկանց, որոնց հոգին զգում եմ», ասաց. «Այդպես էլ իրականում արվեստաբանի գործն է. ցուցադրությունը կազմակերպելուց առաջ հոգեբանի նման ուսումնասիրում ենք հեղինակին։ Ճիշտ այդպես՝ երկու ամիս ուսումնասիրել եմ պարոն Իսաբեկյանին՝ զրուցելով, ուսումնասիրելով հոդվածները, նյութերը, ելույթները։ Այդ ուսումնասիրության, հետազոտության շատ փոքրիկ հատվածն է հայտնվում պատերին, տեքստում։ Բայց դա շատ կարևոր նախապայման է, որպեսզի ցուցադրությունը կայանա»։
Ցուցադրությունը երկու ցուցադրատարածքից է կազմված, մեկում ամփոփված են մեր անվանի գործիչները՝ Իսաբեկյանի ժամանակակիցների դիմանկարները, երկորդում՝ նկարչի հոր՝ հայտնի նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի դիմանկարը։
«Այս երկրորդ հատվածն ինձ համար ամենաառանցքայինն է։ Նկարչի հոր՝ անվանի նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի դիմանկարն է և դրան վերաբերող մտահղացումից ճանապարհ ընթացքը՝ ճեպանկար էսքիզները։ Մեր թանգարանի համար հսկայական ներդրում է ունեցել Էդվարդ Իսաբեկյանը՝ մոտ 20 տարի տնօրինելով այն։ Այնպես որ սա, կարծես, մեզ համար շնորհակալական ցուցադրություն է, ոչ թե պարզապես ցուցահանդես»,- ասաց Մարինա Հակոբյանը։
Արամ Իսաբեկյանն իր խոսքի սկզբում ասաց, որ Ազգային պատկերասրահն իր համար հարազատ օջախ է. «20 տարի հայրս տնօրինել է։ Այդ տարիներն է կառուցվել պատկերասրահի շենքը, բացվել մասնաճյուղերը։ Երիտասարդ էի, հաճախ էի գալիս։ Հետո արդեն ընթացքը ցույց տվեց, որ Ազգային պատկերասրահը մեր բոլորի ամենակարևոր օջախն է, որտեղ հանգրվանում են մեր նկարիչների, ցավոք ոչ բոլորի, աշխատանքները, լրացնում մեր շատ հարուստ հավաքածուն։
Կուզեի Ազգային պատկերասրահի բոլոր հարկերը բացվեին»։
Ինչ վերաբերում է ներկայացվող հավաքածուին, նա ասաց, որ անվանի մարդկանց դիմանկարներ են, բայց նրանց նկարել է ոչ թե, որ նրանք հայտնի մարդիկ են, այլ իր հարազատ ընկերներն են։
«Պարզապես ցանկություն էր առաջացել անպայման իրենց նկարել։ Առանձնացնեմ Կոմանդոսի պորտրետը։ Փառք Աստծո, չտվեցի Շուշիի թանգարանին։ Այդպես էինք որոշել իրար հետ։ Հասկանում եք, թե ինչ ճակատագիր պետք է ունենար։ Հիմա իր արժանի տեղն ունի Ազգային պատերասրահում։ Դրա համար շատ ուրախ եմ, տխուր եմ, որ մեզ հետ չէ»,- ասաց Արամ Իսաբեկյանը։
Ցուցադրությունը կգործի դեկտեմբերի 23-ից հունվարի 8-ը։