Արցախում մեր տղաների արյունն է թափած, մեզ համար այն սուրբ հող է. «Որդիների կանչ» ՀԿ-ի նախագահ
«Լաչինի միջանցքը չի բացվի, քանի դեռ իշխանությունները որևէ քայլ չեն անում», -այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը։ Նա նաև «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահն է։
Նրա խոսքով՝ հույսը մեր ուժերի վրա պետք է դնենք, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունների։ «Եթե ՀՀ իշխանությունները «ատամ ցույց չտան», ճանապարհը չի բացվի։ Մինչդեռ, փոխանակ մտածեն Լաչինի միջանցքը բացելու մասին, հայտարարում են, թե մինչև տարեվերջ պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ»,- նշեց նա։
Ըստ Արա Ռոստոմյանի՝ ունեինք բանակ, անվտանգության գոտի, սակայն այս իշխանությունները բարեփոխումներ անելու փոխարեն ամեն ինչ կործանեցին։ «Բոլոր ինստիտուտները՝ դիվանագիտությունը, բանակը կործանել են»։
Արա Ռոստոմյանը նաև հարց է տալիս ՔՊ-ական պատգամավորներին, թե ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, եթե հայտարարում են, թե «Հայաստանն իր անվտանգության երաշխավորը չի կարող լինել, էլ ուր մնաց Արցախի»։
«Արցախի անվտանգությունը չեք կարողանում ապահովել, ապա հեռացեք, թող գան էն մարդիկ, որոնք կարող են ապահովել։ Այնքան լկտի են, որ ինչ ուզում ասում են, մեկ ա՝ մարսում են։ Որ ասում եք՝ Արցախը մերը չէ, բա ինչի տարաք մեր էրեխեքին կոտորեցիք։ Բոլորը՝ այսօրվա իշխանությունը, ընդդիմությունը, նախկինները, հաշվետու են մեր առաջ, քանի որ 30 տարի ասել են, որ Արցախը մերն է, իսկ մեր տղաներն էլ զոհվել են Արցախը պաշտպանելու համար։ Եթե մերը չէր, ապա ինչի էին մեր երեխաներին տանում»,- ասաց Արա Ռոստոմյանը։
Մինչդեռ, ըստ նրա, Արցախը սուրբ հող է, որը պետք է ամուր պահել։ «Մեզ համար կարմիր գիծ է, մեր տղաները զոհվել են Արցախի հողի համար։ Հասկանո՞ւմ եք, որ Արցախում մեր տղաների արյունն է թափած, մեզ համար այն սուրբ հող է»,- ասաց Արա Ռոստոմյանը։
Անդրադառնալով «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության, նա նշեց, որ այն ստեղծվել է պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնությամբ։ «Մենք կոտրվող չենք»,- ընդգծեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան