Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ. Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը գրում է.
«Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար։
Ժամանակն է վերջացնել այս ամենը։ Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»։
Հիշեցնենք՝ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր՝ Ադրբեջանը պահանջում է, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը լքի Արցախը։
«Նրա (Վարդանյանի - խմբ.) գործունեությունը կրում է հանցավոր և արկածախնդիր բնույթ։ Մենք կարծում ենք, որ սրան պետք է վերջ տալ։ Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս շրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, առաջին հերթին սրանից տուժում է տեղի բնակչությունը։ Դա խանգարում է տեղի բնակչության վերաինտեգրման գործընթացին»,- ասել է Բայրամովը։
Վարդանյանին տարածաշրջանին «օտար տարր» է անվանել։
Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը կապ չունի և չի էլ ունենա Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի Հանրապետություն գնալու և այնտեղ քաղաքականությամբ զբաղվելու որոշման հետ։
«Պարոն Վարդանյանը որևէ հարաբերություն չունի ՌԴ հետ, և ռուսական իշխանությունները որևէ հարաբերություն չունեն նրա հետ։ Նրա խնդրանքով, օրերս եղավ նախագահի հրամանագիր, նա այլև ՌԴ քաղաքացի չէ»,-ասել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ռուսաստանը կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գնալու հետ
- Լավրով. Երևանը դիվանագիտական ուղիները չօգտագործեց Մոսկվայի հանդիպումից հրաժարվելու համար