Ադիբեկյան. «Ալիևը բառացիորեն ասում է՝ Զանգեզուրը խլելու ենք, Սևանը խլելու ենք, Երևանը խլելու ենք»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր «Արևմտյան Ադրբեջանի մի խումբ մտավորականների հետ հանդիպմանը» կրկին իր մշտական ու վաղեմի թեզերն է բարձրաձայնել։ Նա մասնավորապես նշել է. «Եվ այն ժամանակ կային, և այսօր կան այնպիսիք, ովքեր փորձում են տարբեր պատճառներով բացատրել հայերին Երևանը նվերելը։ Բայց, ես կարծում եմ, որ որևէ բացատրություն չի կարող ընդունվել, քանի որ հայերը դրանով չեն բավարարվել։ Նրանք, ովքեր կարծում էին, թե հայերը կբավարարվեն դրանով, մեծ սխալ թույլ տվեցին: Պատմության հետագա ընթացքը դա նորից ցույց տվեց։ 1920 թվականին խորհրդային կառավարության որոշմամբ և հայ ազգայնականների պնդմամբ նրանք անջատեցին Ադրբեջանից և Հայաստանին միացրին մեր մյուս պատմական հողը՝ Զանգեզուրը։
Սա հերթական հանցագործությունն էր մեր ժողովրդի հանդեպ։ Այս որոշման նպատակը նույնպես բավականին պարզ էր։ Նախ՝ հայ ազգայնականները կարևոր պաշտոններ էին զբաղեցնում խորհրդային կառավարությունում։ Մյուս կողմից, դա քայլ էր Ադրբեջանն աշխարհագրական տեսանկյունից Նախիջևանից և Թուրքիայից անջատելու ուղղությամբ»։
Panorama.am-ը զրուցել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ Ալիևի կոմպլեքսներից ծնված պատմական տկարամտության մասին։
Panorama.am - Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի այսօրվա հայտարարությունները։
Արմինե Ադիբեկյան- Սա շատ հին ադրբեջանական թեզ է առ այն, որ հայերը եկվոր են Կովկասում, Հայաստանը երբևէ գոյություն չի ունեցել և հայերին հաջողվել է շողոքորթելով միջազգային հանրությանը՝ պետություն ստեղծել ադրբեջանցիների տարածքներում։
Զանգեզուրը մենք պաշտպանել ենք, բայց դա եղել է իրականում մինչև Սովետական միություն ի տարբերություն նրա, որ Ադրբեջանը տիրացել է Արցախին սովետական ժամանակաշրջանում։ Սա կարևոր հանգամանք է։
Այդ հայտարարությունները նրանց հիմնական գաղափարախոսական սյուներից մեկն են, որ հայերը ոչինչ չունեն՝ ոչ մշակույթ, ոչ փառահեղ անձանց, ոչ պատմություն, ոչ իրավունքներ, ոչ հող, ոչ պետություն, այդ ամեն ինչը մենք գողացել ենք ադրբեջանցիներից։ Դրանով նրանք փորձում են ստեղծել իրենց ադրբեջանականության ինքնագիտակցությունը։
Պետք է փաստեմ, որ նրանք հաջողության են հասել այդ ոլորտում, որովհետև Ադրբեջանում գոյություն չունի մեկ մարդ՝ սկսած դպրոցականից մինչև ակադեմիկոս, որոնք այլ պատկերացում ունեն պատմության, տարածաշրջանի և միջավայրի մասին։ Այսինքն Ալիևը կրկնում է հին հստակեցված թեզը։ Եվ դա մեկ անգամ չէ, կրկնում է իր բոլոր ելույթներում։
Ինչ վերաբերում է «Արևմտյան Ադրբեջան» հաստատությանը, իրոք, գոյություն ունի Արևմտյան Ադրբեջան, որը Պարսկաստանի տարածքում նահանգ է։
Այն մտավորականները, որոնք ստեղծել են այդ քվազի կազմակերպությունը, կրկնօրինակել են մեր «Արևմտյան Հայաստանի կառավարությանը», որը ստեղծվել է 2000-ականների սկզբին։ Տարիներ անց ադրբեջանցիներն իրենցը ստեղծեցին, որին անդամակցում են ահավոր սարսափելի հայատյաց անձինք, պսևդո-պատմաբաններ, քաղաքագետներ, նրանց հայատյաց հայացքները բավականին անթաքույց են։
Panorama.am - Եվ ինչպես տեղավորենք նման հայտարարությունները «խաղաղության օրակարգում», որի մասին ամեն անպատեհ առիթի խոսում են Հայաստանի, Ադրբեջանի իշխանությունները։
Արմինե Ադիբեկյան - Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, ուզում է Հայաստան և հայեր չինեն։ Նրա խաղաղության ընկալումը կայանում է հենց դրանում, որ նրանք ոչնչացնեն հայկական պետականությունը, հայերին, այդ ժամանակ կսկսվի խաղաղություն, որովհետև, ըստ նրանց, խաղաղության խոչընդոտը հայերն են ու Հայաստանը։ Իսկ եթե ուզում ես հանել խաղաղության, պետք է ոչնչացնես այդ խոչընդոտը։ Մարդը բառացիորեն ասում է՝ Զանգեզուրը խլելու ենք, Սևանը խլելու ենք, Երևանը խլելու ենք, հայերն էլ թող գնան, ուր ուզում են, ապրեն։
Panorama.am – Այսպես ասած՝ մեր, այսպես կոչված իշխանությունները, կարձագանքե՞ն այդ հայտարարություններին։
Արմինե Ադիբեկյան- Մեր իշխանություններն իրենց ամբողջ կազմով իրենց ընտանիքի անդամներով, մտերիմներով ծառայում են Իլհամ Ալիևին և այդ գաղափարախոսությանը։
Չունենալով ոչ գիտելիք, ոչ կամք, ոչ ցանկություն, ոչ էլ արտոնություն, նրանք, իհարկե, պետք է լռեն, որովհետև չգիտեն՝ ինչ պատասխանեն, չեն էլ ուզում պատասխանել, որովհետև նրանք ընդունում են Ալիևի ճշմարտությունը։
Panorama.am- Շնորհակալություն մեկնաբանությունների համար։
Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ. Արայիկ Հարությունյան
- Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը հավասարապես վերաբերում է թե Արցախին, թե Հայաստանին. Բեքարյան
- Բաքուն դեռ պատրաստ չէ լիարժեք պատասխան տալ խաղաղության վերաբերյալ Երևանի առաջարկներին. Բայրամով
- Վարդան Բալյան. Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ զարգացումները փոխկապակցված են
- Խաղաղության շուրջ մեր առաջարկներով պատրաստ ենք ստորագրել պայմանագիր Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
- Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու. Տիգրան Աբրահամյան
- Հարց՝ արդյոք «Զանգեզուրի միջանցքը» թշնամու օրակարգում էլ չկա՞,լո՞ւրջ․ Անժելա Էլիբեգովա
- Վարդան Ոսկանյան. Իբր «Զանգեզուրի» կոչեցյալ «միջանցքը» իրականում «Թուրանական միջանցքն» է
- Հիմա նրանք նստում են ՀՀ մտնող ջրերի ակունքներին ու տաս տարի հետո դուք ջրի համար եք չոքելու թուրքի դեմը. Ադիբեկյան