Սամցխե-Ջավախեթիի համալսարանում հայերենի մասնագետներ կպատրաստեն
Սամցխե-Ջավախեթիի համալսարանը հայոց լեզվի և գրականության թե՛ արդեն գործող ուսուցիների, թե՛ ուսուցիչ դառնալ ցանկացողների համար նոր նախագիծ է ծրագրում, որի մեկնարկը կտրվի 2024-2025 ուսումնական տարում։ Այս մասին գրում է Jnews կայքը։
Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն ասում է՝ նախագծի տևողությունը հինգ տարի է, որից հետո ավարտականը կստանա նաև մագիստրոսի կոչում:
«Մենք հայոց լեզվի և գրականության ուսուցիչների իրավասության ծրագիր կիրականացնենք: Այդ ծրագրի շրջանակներում հայոց լեզվի և գրականության մասնագետը հնարավորություն կունենա սովորելու նաև ուսուցանման մեթոդաբանություն, այսինքն՝ կդառնա ուսուցիչ: Մենք կպատրաստենք հայոց լեզվի և գրականության մասնագետների, որոնք վերջում կստանան նաև մագիստրոսի դիպլոմ», – ասել է Մակա Բերիձեն։
Վերոնշյալ ծրագրով սովորողները հնարավորություն կունենան նաև ընտրել վրացական մոդուլը և դպրոցում միաժամանակ դասավանդել՝ և՛ հայոց լեզու, և՛ վրաց լեզու։ Ընդգծենք, որ գործող ուսուցիչները ևս կարող են դիմել և սովորել այս ծրագրով:
Նրանք հնարավորություն կունենան երկլեզու կրթության մոդուլուվ սովորել ինչպես հայոց լեզու և գրականություն, այնպես էլ վրաց լեզու և գրականություն:
Համալսարանի ռեկտորի խոսքով, այս նախագծի իրականացմանն իրենց աջակցում են հայաստանյան գործընկերները:
«Մենք այս ուղղությամբ համագործակցում ենք Հայաստանում մեր գործընկերների հետ և բացառված չէ, որ այնտեղ հրապարակված լեզվի գրքերը օգտագործենք: Մենք այս ամենն անում ենք մեր գործընկերների ակտիվ ներգրավվածությամբ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից»,- նշել է Մակա Բերիձեն։
Ինչ վերաբերվում է դասապրոցեսին, ապա դեռ հստակ որոշում չկա, թե դասերը կոնկրետ որտեղ են անցկացվելու։
«Այդ որոշումը կլինի ուսանողների շրջանում հարցման արդյունքներից ելնելով: Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, բայց մենք այդպիսի փորձ ունենք, որ օրինակ սկսենք Ախալցիխեում, և հետո շարունակենք նաև Ախալքալաքում», – հավելել է Սամցխե Ջավախեթիի համալսարանի ռեկտորը։
Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետ հնարավոր կլինի ընդունվել նույնկերպ հանձնելով միասնական ազգային քննությունները:
Հնարավոր կլինի նաև ընդունվել «1+4» նախագծով, բայց այս պահի դրությամբ՝ հստակեցված չէ, թե կոնկրետ ինչքան պետական ֆինանսավորումը:
«Հունվար-փետրվար ամիսներին ցանկանում ենք հավատարմագրումն իրականացնել, որպեսզի 2024-2025 ուսումնական տարում կսկենք կրթական գործընթացը», – հայտնել է Մակա Բերիձեն:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչի մոդուլը հետագայում կներառվի 60 կրեդիտանոց նախագծում, որում կկարողանան սովորել արդեն գործող ուսուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին