Ահազանգ Ստեփանավանից՝ համատարած հատվել են առողջ բարդիները
Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհահատվածում հատվածում կատարվել է ծառերի սպանդ, բարբարոսություն։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի «Լոռե» էկո-ակումբ ՀԿ նախագահ Մանյա Մելիքջանյանը։
«Նման վայրում բարդիների հատումներն անթույլատրելի է։ Նման հրամանը պատժելի արարք է։ Մի քանի անգամ ծառերի հատման փորձ կատարել են, մենք կասեցրել ենք՝ տարբեր միջոցներով։ Բայց Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի ղեկավարությունն ավելի մեծ ստորության է դիմել ՝ փոխելով նախապես նշված հարմար ծառերը և հատել առողջ բարդիները։ Բարդիները մեծ նշանակություն ունեն տեղանքի համար։ Դրանք ունեն պաշտպանական դեր, ապահովում են օդի մաքրությունն ու մեծ նշանակություն ունեն ճանապարհի համար»,- ասաց Մելիքջանյանը։
Նա համատարած ծառահատում կատարելու մեջ մեղադրում է պատասխանատու օղակներին։
«Մեղավորները «Հայանտառ» ՊՈԱԿ-ն է՝ ի դեմս Ստեփանավանի մասնաճյուղի։ Այս բարբարոսությունն իրականացնող դևը մի քանի գլխանի է։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հրամայել է հատել Գյուլագարակի ճանապարհի բարդիները, այսինքն՝ կատարել, այսպես ասած, սանիտարական հատում՝ ընտրելով հիվանդ, փտած ծառերը։ Սակայն կատարողները՝ Ստեփանավանի անտառտնտեսության ներկայացուցիչները, նշված ծառերը կտրելու փոխարեն, կտրել են առողջ, լավ ծառերը։ Փոխանակ առաջին , երկրորդ շարքերից ընտրեն հիվանդ ծառերը, միանգամից անցել են երրորդ շարք և հատելով գնացել»,- բողոքեց քաղաքացին։
Մելիքջանյանը նշեց նաև,որ կա նորակառույց օբյեկտ, որի դիմաց առկա բոլոր ծառերն են հատվել։
«Կարծում ենք՝ այդ հատումներն արվել են, որպեսզի օբյեկտի դիմացի ճանապարհը բացվի»։
«Լոռե» էկո-ակումբ ՀԿ նախագահը շեշտում է՝ այս դեպքը պետք է քննվի իրավապահ մարմինների կողմից՝ հետագայում նման ոտնձգություններից խուսափելու համար։ Պատրաստվում են դիմել նաև իրավապահ մարմիններին։
Լուսանկարները տրամադրել է Մանյա Մելիքջանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան