Միրզոյանական հոբելյանական 10-րդ մրցույթն իր տեսակով կլինի աննախադեպ
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթն առաջին անգամ կանցկացվի երկու քաղաքներում՝ Երևանում և Դիլիջանում: Շուրջ 3 օր մասնակիցները կհանգրվանեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Հայաստանի Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ ի տարբերություն նախորդ տարիների`այս տարի 2 տարիքային խմբերում էլ մրցույթը կանցկացվի երկու փուլով:
Միրզոյանական 10-րդ մրցույթի առաջին փուլում, որը տեղի կունենա Երևանում, Ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար (ցանկացած)՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ), իսկ Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները՝ 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:
Երկրորդ փուլում, որը տեղի կունենա Դիլիջանում, մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն. Կրտսեր խմբի մասնակիցները պետք է ներկայացնեն մինչև 5 րոպե տևողությամբ, իսկ Ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ ստեղծագործություն:
Գալա համերգը մրցույթի պատմության մեջ առաջին անգամ կկայանա Երևանից դուրս՝ Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահում:
Կազմակերպիչները վստահեցնում են՝ Միրզոյանական հոբելյանական 10-րդ մրցույթն իր տեսակով կլինի աննախադեպ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. մայիսի 5-ն է: Մրցույթը կկայանա մայիսի 10-14-ը։