Եթե կարողանանք հաղթել ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
«Այսօր հերթական անգամ համախմբել ենք Ստեփանակերտի Վերածննդի ազատության հրապարակում՝ առաջին հերթին ինքներս մեզ, ապա արտաքին աշխարհին ցույց տալու մեր միասնականությունն ու վճռականությունը։ Կարող ենք արձանագրել, որ այս հարցում մենք հաջողել ենք»,- Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքին ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիկոպոս Աբրահամյանը։
Նա նշեց, որ սրանով հանդերձ մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման ու ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը։
«Պատմությունը բազմիցս ցույց է տվել հաճախ հաղթանակից հետո գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները՝ եսը, նյութապաշտությունը, անձնական շահը և անտարբերությունը դիմացինի ու ազգի հանդեպ ու փչացնում են մեր նկարագիրը, մոռացվում են Աստված և եկեղեցի։ Այս մահացու շրջապտույտից դուրս գալը պետք է լինի ազգային մեր կյանքի հիմնական խնդիրը։ Եթե կարողանանք հաղթել վերը նշված ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը։
Նա ելույթում նա նաև նշեց. «Օգտվելով այսօրվա մեր համախմբման ընձեռած հնարավորությունից և զգալով ամեն մեկիդ ներքին մտածումները, որպես Արցախի թեմի առաջնորդ ցանկանում եմ դիմել Մայր Հայաստանում և աշխարի տարբեր ծայրերում սփռված արցախցիներին․ Այո, Արցախը ամեն մի հայի սեփականությունն է, բայց առաջին հերթին կարիքն ունի իր ծոցից ծնված զավակների։ Արցախն այսօր իր համար աղոթելուց, արցախցի լինելու հանգամանքով հպարտանալուց առավել ունի իր բնիկ զավակների ֆիզիկական ներկայության կարիքը, ուստի սիրելի արցախցիներ, նայեք ձեր հոգու ներսը, փորձեք հասկանալ, թե Աստուծո մոտ ինչ պիտի այս կյանքից շահեք, եթե կորցնեք ձեզ վստահված գանձը, ձեր ինքնության հենարանը։
⠀
Խնդրում եմ և հորդորում, վերադարձե՛ք Արցախ և տեր կանգնեք ձեզ վստահված այս Սրբազան Մասունքին։ Արցախու՛մ, նախքան պատերազմը եթե ունենայինք առնվազն կես միլիոն հայություն, 2020թ-ի պատերազմի ժամանակ կունենայինք լրիվ այլ պատկեր, և միգուցե պատրազմ էլ չլիներ։
⠀
Այս ամենին զուգահեռ մենք մեր խոնարհումն ու աղոթքն ենք վերառաքում առ Աստված մեր հերոս նահատակների հիշատակի համար: Մեր երախտիքն ու օրհնությունն ենք բերում բոլոր այն արցախցիներին, որ այսքան դժվարություններից հետո կառչած են մնում իրենց արմատներին ու հայրենի հողին։ Դուք հերոսական ժողովուրդ եք, և ձեր հիմքի վրա են կերտվելու մեր ապագա հաղթանակները։
⠀
Արցախի պետականության գոյութենապայքարի այս ընթացքին մենք բարձր ենք գնահատում Արցախի Հանրապետության պետական այրերի նվիրյալ ծառայությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առաքելությունը:
⠀
Սիրելի հայրենակիցներ, արցախցիների այս համախմբման առիթով Ձեզ ենք փոխանցում Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու ողջ մեր Եկեղեցու աջակցությունը Արցախի արդար պայքարին։
⠀
Հայոց Եկեղեցին այսօր անում է հնարավորն ու անհնարինը՝ թե մեր ժողովրդին իր աղոթքով գոտեպնդելու և Արցախի հարցում համախբելու համար, և թե միաջազգային տարբեր հարթակներում արցախցիների ձայնը լսելի դարձնելու հարցում»։⠀
Նա կոչ ուղղեց քրիստոնյա աշխարհին՝ վեր կանգնելու քաղաքական շարժառիթրներից և քրիստոնեական սիրուց մղված անդրադառնալու Արցախում ապրող իրենց հավատակից քույրերի ու եղբայրների մարդկային տարրական իրավունքների պահանության հիմնախնդրին, որպեսզի իրենք էլ հնարավորություն ունենան լիարժեք ու խաղաղ պայմաններում տոնելու սուրբ ծննդյան հրաշառափառ տոնը։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփականակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը
- Բոլորին կոչ եմ անում գալ Վերածննդի հրապարակ, միասին որոշում կայացնենք ու գնանք առաջ. Ռուբեն Վարդանյան
- Վաղն Արցախի Վերածննդի հրապարակում կկայանա համաժողովրդական հանրահավաք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան