ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհվել է երեք տասնյակից ավելի մարդ
ԱՄՆ-ում սաստիկ ցրտահարությունների և ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, և սպասվում է, որ այթ թիվը կավելանա, հայտնում է NPR-ը։
Ավելի վաղ խոսվում էր 26 զոհի մասին։
Ըստ աղբյուրի՝ չի բացառվում, որ ձնաբուքը ավելի շատ կյանքեր խլի, քանի որ որոշ բնակիչներ ծուղակում են հայտնվել տների ներսում։
Բուֆֆալո շրջանում, որտեղ հանգստյան օրերին տեղացել է ավելի քան մեկ մետր ձյուն, ըստ Նյու Յորք նահանգի պաշտոնյաների, զոհվել է 12 մարդ:
Ձնաբուքն ընդգրկել է աննախադեպ հսկայական տարածք՝ ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ գտնվող Մեծ լճերից մինչև Մեքսիկայի հետ ամերիկյան սահմանի երկայնքով անցնող Ռիո Գրանդե գետը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի բնակչության մոտ 60%-ը եղանակային պայմանների պատճառով ստացել է մի շարք խորհուրդներ կամ նախազգուշացումներ։
Կիրակի օրը վատ եղանակի պատճառով ԱՄՆ-ում չեղարկվել է ավելի քան 1700 չվերթ, մոտ 200 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության և ջեռուցման։ Ծանրաբեռնվածության ավելացման պատճառով մի շարք էներգետիկ ընկերություններ խորհուրդ են տվել սպառողներին խնայել էլեկտրաէներգիան և գազը։