Քննարկվել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը․ ՀՀ ԳԱԱ
Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի հետ քննարկել է «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
««Գործող կարգում կան բազմաթիվ դրույթներ, որոնք իրար հետ համաձայնեցված չեն։ Նոր կանոնակարգով վերացվում են այդ անհամաչափությունները», - նշել է Կարեն Քեռյանը:
Փաստաթղթով նախատեսվում է կատարել փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման կարգում չորս ուղղություններով․
• Թեկնածուական պաշտպանելուց մինչև մասնագիտական խորհրդի անդամ լինելու համար 2027 թվականից սկսած անհրաժեշտ կլինի ունենալ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ: Նման տպագրությունները կդիտվեն համարժեք տեղական պարբերականներում տպագրված 2-3 հոդվածի:
• Արտերկրի մասնագետը հնարավորություն կունենա համաղեկավարելու ասպիրանտներին ու հայցորդներին, բացի այդ՝ ընդգրկվելու մասնագիտական խորհուրդներում, ինչպես նաև առցանց մասնակցելու պաշտպանության գործընթացին՝ որպես ընդդիմախոս:
• Կպահանջվի ներկայացնել կուտակած անհրաժեշտ կրեդիտների մասին տեղեկանք, նշել մասնագիտական խորհրդի նիստի քվորումն ապահովելու համար նվազագույն անհրաժեշտ մասնակիցների մասնաբաժինը։ Փորձարարական մասնագիտությունների դեպքում առանց համահեղինակների հոդված ունենալու պահանջը փոխարինվել է առաջին հեղինակով հոդված ունենալուն:
• Առաջատար կազմակերպության փոխարինում ընդդիմախոսով: Աստիճանաշնորհման գործընթացի տարբեր օղակներում մասնագետներին ներգրավելիս այլևս շեշտը չի դրվելու գիտությունների դոկտորի աստիճան ունենալու վրա, այլ կարևորվելու է բարձր գիտաչափական տվյալներ ունենալը և ակտիվ գիտնական լինելը:
Քննարկման ընթացքում բարձրացվել է մասնագիտական խորհուրդների անդամների և գիտական ղեկավարների երիտասարդացման հարցը։ «Մենք նոր մեխանզիմներ պետք է ներդնենք և հնարավորինս փորձենք երիտասարդացնել գիտական ղեկավարների տարիքը», - ասաց Կարեն Քեռյանը։
Անդրադարձ եղավ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ ունենալու պահանջին։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշել է․ «Հումանիտար-հասարակագիտական ոլորտներում անգլալեզու հրապարակումների թիվն էապես պետք է ավելացնել աշխարհում մեր տեսանելիության բարձրացման համար։ Սա ազգային անվտանգության խնդիր է»։
ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է իր դիտարկումները նախագծի վերաբերյալ․ «Նախագիծը ենթադրում է որակի բարձրացում, բայց որոշ դրույթներ իջեցնում են որակը։ Հատկապես առաջատար կազմակերպության փոխարինումը՝ ընդդիմախոսով։ Իմ կարծիքով՝ պետք է վերանայել այդ դրույթը։ Նաև պետք է վերանայել գիտությունների դոկտորի աստիճանի հետ կապված դրույթը։ Պետք է այդ աստիճանը պահպանել․ գիտությունների դոկտորը պետք է թեկնածուից բարձր լինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին