Հորդորում եմ մեր համաքաղաքացիներին չգնեն պայթուցիկ նյութեր, ամենասարսափելին՝ չտան իրենց մանկահասակ երեխաներին. վնասվածքաբան
Որքան մոտենում են տոները, այդքան մեծանում է ամանորյա պայթուցիկներից ու ճայթռուկներից քաղաքացիների՝ հնարավոր վնասվածքներ ստանալու վտանգներն ու հարցի հետ կապված բժիշկների մտավախությունները:
«Մեր՝ բժիշկներիս համար շարունակում է խնդիր մնալ ամեն քայլափոխի վաճառվող ամանորյա ճայթռուկներն ու պայթուցիկները, որոնք թեպետ օգտագործում են իբր ուրախանալու և զվարճանալու համար, սակայն շատ հաճախ այդ ուրախությունը անմիջապես տխրություն է բերում ընտանիքին՝ ունենալով առողջության համար անդառնալի հետևանքներ հատկապես երեխաների մոտ»,-ասում է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանը։
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախորդ տարվա տոնական օրերին նմանատիպ վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են ընդունվել մեկ տասնյակից ավել քաղաքացիներ: Վնասվածքները եղել են հիմնականում մաշկի, մատների և դեմքի այրվածքներ, սակայն գրանցվել են նաեւ ավելի լուրջ վնասվածքներով դիմած քաղաքացիներ, այն է՝ մատների մասնահատումով.
«Ես շարունակում եմ խնդրել, կոչ անել ու հորդորել մեր համաքաղաքացիներին, որպեսզի նախ իրենք չգնեն այդ պայթուցիկ նյութերը, և որ ամենասարսափելին է՝ չտան իրենց մանկահասակ ու անչափահաս երեխաներին: Դրանք չափից ավելի վտանգավոր են, պայթուցիկ սարքեր են, իսկ պայթուցիկը չի կարող անվնաս լինել»,-հիշեցնում է մանկական վնասվածքաբանը:
Նախորդ տարի նման վնասվածքով առաջին երեխան ընդունվել է բժշկական կենտրոն դեկտեմբերի 31-ին՝ կեսգիշերին մոտ, մատի ամպուտացիայով: 4-ամյա փոքրիկի առողջական վիճակը թեպետ տեղի ու Երևանի մասնագետների ջանքերով կայունացվել էր, սակայն մատը փրկել բժիշկներին չէր հաջողվել:
Ռուբեն Հակոբյանը աշխատանքային իր գործունեության ընթացքում չի հիշում մի տարի, երբ Ամանորին նման վնասվածքներով տուժածներ չբերվեին հիվանդանոց:
Իսկ սրա լավագույն ու միակ լուծումը պարզապես չգնելն ու չօգտագործելն է:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ-ի հորդորում էերեխաներին զերծ պահել ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից
- «Խնդրում եմ, երեխաների համար մի՛ գնեք այդ մահաբեր պայթուցիկները». միկրովիրաբույժ
- Միկրովիրաբույժի սահմռկեցուցիչ լուսանկարները՝ պայթուցիկներից զգուշանալու կոչ
- ՏԿԱԻՆ. Խուսափեք կասկածելի ծագումով ճայթռուկներ և հրավառություններ ձեռք բերելուց