Ես այստեղից չեմ գնալու և չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին. Ռուբեն Վարդանյան
«Կյանքումս առաջին անգամ պետք է ելույթ ունենամ այսքան մարդկանց առջև։ Ես փորձելու եմ ասել այն, ինչ գալիս է իմ սրտից, իմ ազնվությունն եք զգալու։ Հպարտ և շնորհակալ եմ, որ ձեզ հետ միասին այստեղ եմ գտնվում և դուք ինձ հիացնում եք»,- Արցախի Հանրապետության մայրաքաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցող համաժողովրդական հանրահավաքում իր ելույթն այսպես սկսեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշեց, որ 20 տարի գալիս է Արցախ, 52 օր Արցախի պետական նախարարն է, իսկ վերջին 14 օրն էլ ղեկավարում է օպերատիվ շտաբը և հպարտանում է, որ մարդիկ դժվարություններով հանդերձ ընդունում են այս իրավիճակն ու ասում են, որ պատրաստ են պայքարելու։
«Երեկ առավոտյան գնացել էի շուկա։ Մի տարիքով կնոջը հարցնում եմ, թե ինչպես է, պատասխանում է՝ ապրանք չկա, բանջարեղեն չկա։ Հարցնում եմ՝ դիմանո՞ւմ եք, ասում ՝՝ տղա ջան, 90-ականներին աղջիկս հղի էր, գնում էր մինչև կամուրջը ջուր բերում ու դիմանում էինք, հիմա էլ կդիմանանք, բայց միայն հավատանք, որ մեզ չեն խաբելու, մենք միասին ենք»,- պատմեց Ռուբեն Վարդանյանը և հավելեց. «Ես ձեզ հավատացնում եմ՝ մենք միասին ենք»։
Նրա խոսքով՝ թեև 90-ականների չի եղել արցախցիների կողքին, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում հասկանում է, որ պատմությունը կրկնվում է: «2023 թվականի փետրվարին կլինի 35 տարի, որ մենք պայքարում ենք։ Այս բլոկադան 14 օր չէ, այս պայքարը շարունակվում է 35 տարի, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ հաջորդ սերունդը տեսնի, որ ստացել ենք այն, ինչի համար պայքարել ենք, որի համար հազարավոր զոհեր ենք տվել»,- նշեց նա։
Ռուբեն Վարդանյանն ասաց՝ մեծ աշխատանք են իրականացնում, որպեսզի կարողանան լուծել առկա խնդիրները։ Նրա խոսքով՝ գիտեն բոլոր խնդիրները, իսկ հիմա պետք է ստեղծեն նոր իրավիճակ որ բոլորը հավատան՝ արդար երկրում են ապրում։
«Սա պետք է դառնա օրինակ այլ երկրների համար, նաև մեր հարևան երկրների, որ ուղարկել են այդ «էկոակտիվիստներին»։ Մենք ենք իրենց սովորեցնելու, որ թե ոնց պետք է ապրեն, այլ ոչ թե իրենք մեզ ասեն, թե էկոլոգիական ստանդարտներն ինչպես ենք պահում։ Իրենք չեն հասկանում, թե ում հետ են շփվում, չեն հասկանում՝ մեր ուժը նրանում է, որ կարող ենք այսպես հավաքվել հրապարակում և հանգիստ խոսենք»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ բոլորը մեկ նավում են և պետք է հարգեն իրար, պետությունը. «Մեր ամենակարևոր ուժն այն է, որ մենք պետություն ունենք։ Արցախը ոչ միայն մեզ, այլ հայկական աշխարհի արմատն է։ Ավելին՝ Արցախը աշխարհի արմատն է, քանի որ մենք դառնալու ենք օրինակ նոր արժեքների, նոր ավանդույթների»։
Ռուբեն Վարդանյանը նշեց, որ այս իրավիճակում երեք ճանապարհ կա։ «Առաջինը՝ ենթարկվում ենք և ուշ թե շուտ կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին, երկրորդ՝ այստեղից դուրս ենք գալիս, երրորդ՝ պայքարում ենք։ Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին՝ ես այստեղ եմ, ես պայքարում եմ, այստեղից չեմ գնալու և ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին։ Ես ձեզ խոսք եմ տալիս, որ իմ գիտելիքները, անունը, կապերը, իմ ունեցվածքը տալու եմ Արցախի անկախության և հաջողության համար»,- հայտարարեց նա։
Միաժամանակ նա նշեց՝ հրաշքի սպասել պետք չէ, քանի որ հրաշք չի լինելու. «Դժվար է լինելու, քրտինք ու արյուն է թափվելու, բայց եթե մեր մեջ զգանք ուժը, որ իրար հավատում ենք, որ մեր կյանքը իմաստը մեր հողի վրա ապրելն է, ես վստահ եմ, որ ոչ միայն մենք ենք զգալու, այլև աշխարհն է զգալու»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լ
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի դրոշը կրկին ծածանվելու է Հադրութի Խորն աղբյուրի դարավոր Տնջրի գագաթին.Հադրութցի մանկավարժ
- Էկոկատիվ կոչեցյալներ, գնացեք ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք. Արմեն Ասրյան
- Միասնական լինելու արդյունքում հաղթելու ենք, միասին չենք զիջելու. Անդրանիկ Չաուշյան
- Եթե կարողանանք հաղթել ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
- Ստեփականակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան