Պուտին. ԱՊՀ անդամների միջև ծագում են տարաձայնություններ, բայց դրանք լուծելու պատրաստակամություն կա
«Մարտահրավերներն ու վտանգներն աճում են, ԱՊՀ անդամների միջ նույնպես առաջանում են տարաձայնություններ, բայց դրանք լուծելու պատրաստակամություն կա»,-այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի բացմանը։
«Այն փաստը, որ մենք ևս մեկ անգամ հավաքվել ենք նման բարեկամական միջավայրում, իմ կարծիքով, վառ կերպով վկայում է ԱՊՀ տարածքում համագործակցության հետագա զարգացման մեր ցանկության մասին՝ իրական ռազմավարական գործընկերության, փոխշահավետության և բոլոր երկրների շահերը հաշվի առնելով։
Ուստի այսօր առաջարկում եմ միասին ամփոփել 2022 թվականի ընթացքում Անկախ Պետությունների Համագործակցության աշխատանքը, խոսել ապագայի պլանների մասին և, իհարկե, քննարկել տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ բոլորիս հուզող հարցերը։ Անցնող տարում մեր պետությունների բազմակողմ փոխգործակցությունն ընդհանուր առմամբ հաջողությամբ զարգացավ։ Սա հաստատում է ԱՊՀ բոլոր երկրների միջև առևտրի կայուն աճը»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ ԱՊՀ անդամ երկրների միջև համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էլ եվրասիական տարածաշրջանում անվտանգության ու կայունությանն աջակցելն է։
«Սակայն գլխավորն այն է, որ մենք պատրաստ ենք ու կաջակցենք։ Եվ եթե նույնիսկ ինչ-որ խնդիրներ են առաջանում, մենք ձգտում ենք լուծել ինքներս՝ միասին, միմյանց ցուցաբերեով ընկերական օգնություն ու միջնորդական գործունեություն»,-ասել է ՌԴ նախագահը։
Եզրափակելով խոսքը՝ Պուտինն ասել է՝ վերահաստատում է իր այն համոզմունքը, որ ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին, օգնում է ավելի արդյունավետ լուծել Համագործակցության պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները և ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան