Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Փարիզում քրդերի գործողությունների պատճառով
Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Փարիզում քրդերի գործողությունների ժամանակ «հակաթուրքական քարոզչության» առնչությամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրին։
«Այսօր Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, և մեր արձագանքը արտահայտվել է դեկտեմբերի 23-ին Փարիզում ֆրանսիացու հարձակման պատրվակով մեր երկրի դեմ Քրդական բանվորական կուսակցության շրջանակների կողմից սև քարոզչության համար։ Այդ քարոզչությանը Ֆրանսիայի կառավարության պաշտոնյաների և որոշ քաղաքական գործիչների մասնակցության մասով էլ մեր արձագանքը ընդգծվեց»,-ասել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ Անկարայի արձագանքը դրա վերաբերյալ Ֆրանսիայի իշխանություններին հայտնել է նաև Փարիզում Թուրքիայի դեսպանատունը։
Լրատվական գործակալության աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի դեսպանը տեղեկացվել է Անկարայի դիրքորոշման մասին, որ Ֆրանսիայի կառավարության և հասարակական կարծիքի համար օգտակար կլինի ճիշտ վերլուծել քրդական կազմակերպության կողմից Փարիզի փողոցներում իրականացված բռնարարքները։
Դեկտեմբերի 23-ին տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասում՝ քրդերի մշակութային կենտրոնի մոտ գտնվող փողոցում։ Կրակոցների հետևանքով երեք քուրդ է զոհվել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է, ևս երկուսը միջին ծանրության։ Հանցագործը ձերբակալվել է:
Դրանից հետո քրդերը գնացել են Հանրապետության հրապարակ՝ բողոքելու, նրանց կարծիքով կրակոցներն ուղղված են եղել քրդական համայնքի դեմ։ Ցուցարարները կրակոցների համար մեղադրել են Թուրքիային և հակաթուրքական կարգախոսներ են հնչեցրել։ Անկարգությունների արդյունքում ցույցի ժամանակ տուժել է 31 իրավապահ, բերման է ենթարկվել 11 ցուցարար։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում քրդերի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել
- Փարիզում երեք քրդի սպանած անձը խոստովանել է, որ հարձակումը նախօրոք էր ծրագրել
- Փարիզում քրդական համայնքի ներկայացուցիչների հետ բախումների ժամանակ հինգ ոստիկան է վիրավորվել