ԳԱԱ-ում մշակած «Rhizomix» կենսապարարտանյութը կարող է բարձրացնել գետնանուշի բերքատվությունը
ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտնականները մշակել են «Rhizomix» կենսապարարտանյութը, որը նպաստում է գետնանուշի բերքատվության բարձրացմանը:
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ «Rhizomix» համալիր կենսապարարտանյութը մշակվել է սիմբիոտիկ և ազատ ապրող ազոտֆիքսող բակտերիաների հիման վրա: Այն նախատեսված է արժեքավոր հատիկաընդեղենային և կերային գյուղատնտեսական մշակաբույսերի՝ սոյայի, լոբու, սիսեռի, ոլոռի, գետնանուշի, ոսպի, երեքնուկի, կորնգանի, առվույտի բերքատվության բարձրացման համար։
Պատրաստուկի բաղադրության մեջ ռիզոբակտերիաների համակցությունները, կախված հատիկաընդեղեն բույսի տեսակից, զգալիորեն մեծացնում են բույսերի մատակարարումն ազոտով և ֆոսֆորով՝ դրանով իսկ բարձրացնելով բերքատվությունը միջինում 20%-ից մինչև 60%:
«Այս երևույթը բացատրվում է հատիկաընդեղեն ընտանիքի տարբեր տեր-բույսերի նկատմամբ պալարաբակտերիաների խիստ սպեցիֆիկությամբ։ Միաժամանակ, մեր կողմից առաջադրված վարկածը Bradyrhizobium arachidis-ի և Bradyrhizobium japonicum-ի բարեկամ շտամների հնարավոր խաչաձև սիներգետիկ ազդեցության մասին հաստատվել է մեր ուսումնասիրություններում գետնանուշ բույսի օրինակով»,- ասել է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Այլընտրանքային Էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Վիգեն Գոգինյանը:
Նա նշել է, որ, ստացված տվյալների համաձայն, B․arachidis-ի բոլոր փորձարկված շտամները «Rhizomix» պարարտանյութի բաղադրության մեջ B. japonicum MDC 5784-ի հետ միասին նպաստում են գետնանուշի կենսաչափական ցուցանիշների բարելավմանը: Արդյունքում գետնանուշի բերքատվությունը համեմատած ստուգիչ բույսերի հետ բարձրացել է 23,3%-ից մինչև 34,5%։ B. arachidis-ի փորձարարական շտամներով սերմերի նախացանքսային և հետցանքսային մշակումը նպաստել է պալարների, պատիճների սերմերի քանակի և քաշի զգալի աճին և կենսազանգվածի ավելացմանը: «Հետազոտության արդյունքների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ գետնանուշի ամենաակտիվ սիմբիոնտը B. arachidis MDC 5806 շտամն է, որը բարձրացրել է բույսերի բերքատվությունը՝ 34,5%-ով»,- ասել է Վիգեն Գոգինյանը։
Գետնանուշը Հայաստանում մշակության համար համեմատաբար կարևոր և հեռանկարային ընդեղեն բույսերից է։ Այն արժեքավոր արտադրական, գյուղատնտեսական յուղատու մշակաբույս է: Գետնանուշի հատիկները ծառայում են որպես հումք՝ չչորացող բուսական յուղի (յոդային թիվը 83-103) արտադրության համար, որն օգտագործվում է բարձր կարգի պահածոների, հրուշակեղենի և մարգարինի պատրաստման համար։ Յուղի արտադրության բարձրորակ թափոնները՝ մինչև 45% սպիտակուցի և մինչև 8% ճարպի պարունակությամբ, օգտագործվում են հալվայի, թխվածքաբլիթների և այլ սննդամթերքների արտադրության համար:
Հետազոտական աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Այլընտրանքային Էներգիայի աղբյուրների լաբորատորիայի գիտաշխատողներ Սեդա Հարությունյանը, Թամարա Ստեփանյանը, Գայանե Խաչատրյանը:
Հետազոտության արդյունքները ներկայացված են «Կենսատեխնոլոգիա. գիտություն և պրակտիկա, նորարարություն և բիզնես» միջազգային գիտաժողովի նյութերում (Երևան, հոկտեմբերի 20-22, 2021 թ.), նախապատրաստվում է ակնարկ-գլուխ` Հայաստանում պալարաբակտերիաների կենսաբազմազանության, էկոլոգիական տարածվածության, գործնական կիրառության մասին, որը նախատեսվում է տպագրել Springer-Elsevier-ի «Միկրոօրգանիզմների արդյունաբերական հեռանկարները» գրքում։
Ներկայում նախապատրաստվում են համապատասխան փաստաթղթային հիմքեր՝ տեխնիկական պայմաններ և այլ հրահանգներ, «Rhizomix» պարարտանյութի սերիական արտադրությունը կազմակերպելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան