Հայաստանում տնտեսվարողներից մեկը մոտ 60 տոննա անկած ձուկ է թաղել
Հայաստանում ձկների անկման պատճառների, ծավալների, կանխարգելիչ քայլերի մասին Panorama.am-ը հարցեր է ուղղել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։
Panorama.am-Ձկների անկման առաջին ահազանգը ե՞րբ է ստացվել։
ՍԱՏՄ- Նոյեմբերի 30-ին է ստացվել տեղեկատվությունը։
Panorama.am- Քանի՞ տնտեսվարողի մոտ է գրանցվել ձկների անկում, ո՞ր մարզերում։
ՍԱՏՄ- Անկում գրանցվել է 3-4 տնտեսվարողի մոտ Արարատի մարզի տարբեր համայնքներում, բայց մեծ քանակությամբ անկում գրանցվել է Սամվել Լաբլաջյան Գևորգի անհատ ձեռնարկատիրոջ տնտեսությունում, որը գործում է Արարատի մարզի Հայանիստ համայնքում։
Panorama.am-Դեկտեմբերի 27-ի դրությամբ քանի՞ ձուկ է անկել, ի՞նչ են արվել անկած ձկները։
ՍԱՏՄ- Ըստ տնտեսավարողի հայտարարության՝ անկումները սկսվել են հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով՝ իր տնտեսության վերջնամասում թաղվել է 58 տոննա ձուկ՝ իշխան: ՍԱՏՄ տեսուչների ներկայությամբ դեկտեմբերի 7-ին թաղվել է ևս 1800 կգ անկած ձուկ, որի վերաբերյալ կազմվել է ակտ։
Panorama.am-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի անկած ձկները չվաճառվեն։
ՍԱՏՄ- ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի հրամաններով իրականացվում է պետական վերահսկողություն՝ անասնահամաճարակային մշտադիտարկումներ։
Panorama.am-Ի՞նչպես սպառողը կարող է տարբերել հիվանդության կամ այլ խնդրի հետևանքով անկած ձկան միսը առողջ ձկան մսից։
ՍԱՏՄ- Հիմնականում անկած ձկան մոտ որոշ ժամանակ անց փուշը առանձնանում է մսից և թարմությանը ոչ բնորոշ նշաններ են ի հայտ գալիս։
Panorama.am-Եթե այնուամենայնիվ եղել են մարդիկ, որոնք գնել են ու կերել անկած ձկան միսը, ի՞նչ հետևանք այն կունենա առողջության վրա։
ՍԱՏՄ- Հնարավոր են ստամոքսի խանգարումներ, փորլուծություն:
Panorama.am-Այս պահին ի՞նչ է հայտնի՝ ո՞րն է կամ որո՞նք են ձկների անկման պատճառները։
ՍԱՏՄ- Մշտադիտարկման ընթացքում կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ձկան մեջ հայտնաբերվել են մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները: Մակաբուծական հետազոտությամբ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Panorama.am-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հետագա անկումները կանխելու համար։
ՍԱՏՄ- Ձկնաբուծական տնտեսությունների պատասխանատուների հետ տարվել են բացատրական և տեղեկատվական աշխատանքներ՝ հիվանդության կասկածի, ձկան անկումների վերաբերյալ անհապաղ տեղեկացման, հիվանդության կանխարգելման միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ իրականացված մշտադիտարկման արդյունքում ձկնաբուծարանում հայտնաբերվել են մի շարք խախտումներ՝ ընկերությունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին, չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա, ձկան հիվանդությունների ու անկումների մասին չի տեղեկացրել ՍԱՏՄ-ին, չի վարվում գույքի, սարքավորումների, որսալու սարքերի, արտահագուստի ախտահանման մատյան:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ ղեկավար. Գիտենք, թե ձկնաբուծարաններում ինչից են անկումները
- ՍԱՏՄ հիշեցումը. Փողոցային առևտուրն անթույլատրելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան