Հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն է հայտնել անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել Արցախին
Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ`Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Հիմնադրամից հայտնում են՝ նիստին տեսակապի միջոցով մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։
Նիստի մասնակիցները քննարկել են ստեղծված իրավիճակը, շեշտվել է Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով համահայկական համախմբան անհրաժեշտությունը:
Ներկայացվել են Արցախին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, Հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև Հիմնադրամի կողմից միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվել է ակտիվ աշխատանքներ տանել՝ իրենց համայնքների ներուժը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով:
ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն է հայտնել անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել՝ Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
2021-2022թթ. ընթացքում Հիմնադրամը Արցախում արդեն իսկ իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի տարբեր մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են հետպատերազմյան վերականգնողական աշխատանքերին։ Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, ավելի քան 52 կմ տարբեր ռազմավարական ճանապարհներ և մի քանի համայնքներում խմելու ջրի ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացման տասնյակ ծրագրեր: