Ախալքալաքի «Պույ-Պույ» տիկնիկային թատրոնն արժանացել է մրցանակների
Բակուրիանիում անցկացվել է «Արևոտ Վրաստան» ամենամյա փառատոնը, որին մասնակցել է նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Մշակույթի տան «Պույ-Պույ» տիկնիկային թատրոնը Սամվել Խոդիկյանի ղեկավարությամբ, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների։
Jnews-ի հաղորդմամբ, փառատոնին մասնակցում էին տիկնիկային թատրոններ Վրաստանի 6 քաղաքներից՝ Բաղդաթից, Սագարեջոյից, Սամտրեդիայից, Բոլնիսիից, Ախալքալաքից, Փոթիից։ Սամվել Խոդիկյանը Կարեն Ստելմաշովի հետ ներկայացրեց «Երաժշտական հեքիաթ» ներկայացումը։
«Մենք հիանալի տպավորություն թողեցինք թե՛ ժյուրիի, թե՛ հանդիսատեսի վրա, ստացանք 4 դիպլոմ և հատուկ մրցանակ»,- ասում է «Պույ-Պույ» տիկնիկային թատրոնի ղեկավար Սամվել Խոդիկյանը։
Թատրոնը մրցանակներ է ստացել «Լավագույն ներկայացում», «Լավագույն տիկնիկավար» անվանակարգերում, շնորհակալական նամակ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանին և Մշակույթի ծառայության տնօրեն Վալերի Ստելմաշովին՝ տիկնիկային թատրոնին աջակցելու համար, ինչպես նաև հանդիսատեսի համակրանք մրցանակ: