Գրիշա Թամրազյանն արձագանքում է ՔԿ-ին. Իմ պայքարը հանուն արդարության շարունակվելու է որտեղ էլ, որ լինեմ
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանն արձագանքել է իր վերաբերյալ Քննչական կոմիտեի՝ երեկ տարածած հաղորդագրությանը.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
այն պահից սկսած, երբ մենք՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի վարչական և ակադեմիական կազմն ու ողջ ուսանողությունը, ձայն բարձրացրեցինք և սկսեցինք պայքարը մեր հարազատ բուհի փաստացի լուծարման դեմ, և վերջացրած համալսարանի ռեկտորի ընտրություններում իշխանության թեկնածուի ջախջախիչ պարտությամբ, պետական ապարատը սկսեց գործադրել տոտալ ճնշումներ՝ սկզբից տեղեկատվական տեռորի, իսկ հետո նաև կեղծ և շինծու քրեական գործերի, հորինված մեղադրանքի տեսքով:
Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել:
Համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Իմ սկզբունքայնության, պայքարի և անցած ուղու մասին ավելի լավ, քան այս իշխանությունները, ոչ ոք չգիտի:
Սակայն կարծում եմ նաև, որ նրանք քաջ պետք է գիտակցեն, որ պայքարելու այն կամքը, որն ունեցել եմ, ունեմ և կունենամ մինչև կյանքիս վերջը, այն միշտ բերել և բերելու է հաղթանակներ: Վստահ եղեք, որ իմ պայքարը հանուն արդարության շարունակվելու է անկախ իմ կարգավիճակից՝ որտեղ էլ, որ լինեմ:
Պարզապես, հաշվի առնելով այն ծանր իրավիճակը, որն այսօր ծառացել է պետության և ազգի առջև, առայժմ կսահմանափակվեմ այսքանով, որովհետև մենք բոլորս միասին այս պահին շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»: