Ամանորին Աֆրիկայից սպասվում է արևադարձային օդային տաք հոսանքների բուռն ներհոսք
«2022 թվականն աչքի է ընկել բավականին ցայտուն արտահայտված անոմալ եղանակայյին ռեժիմով՝ չենք ունեցել մի ամիս, երբ ջերմաստիճանն ու տեղումները լինեն նորմայի սահմաններում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալԳագիկ Սուրենյանը։
Նա հիշեցրեց, տաք փետրվարին հաջորդել է ցուրտ մարտը, երբ ամսի 20-25-ին առատ տեղումներ էին, եղել են վայրեր, երբ ձյան բարձրությունը հասել է 1-1.5 մետրի, դրան հաջորդել են տաք ապրիլ, ցուրտ մայիս, երբ ամսի 24-25-ին ձյուն տեղաց, գրանցվեցին ցրտահարության դեպքեր, հունիս-հուլիսին եղել է շատ շոգ, երկու ամիս շարունակ Արարատյան դաշտավայրում գրեթե տեղումներ չեն գրանցվել, սեպտեմբերի առաջին տասնօրյակում էլ ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել, հաջորդ երեք ամիսները՝ հոկտեմբերը, նոյեմբերը, դեկտեմբերը եղել են տաք, տեղումների քանակը եղել է նորմայից պակաս։
«Եթե ամփոփենք, ապա կստացվի ունեցել ենք բավականին տաք ու սակավատեղում տարի»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է առաջիկա օրերին, ապա Սուրենյանն ասաց՝ երկար ժամանակ է մեր երկիրը գտնվում է բավականին հզոր անտիցիկլոնային գոտում, դրա ազդեցության գոտում են հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային գրեթե բոլոր երկրները՝ Եվրոպայի, Փոքր Ասիայի, Արևելյան Ասիայի տարածաշրջաններում։
«Մինչև հունվարի հինգը ներառյալ մեր երկրում կպահպանվի այդ անտիցիկլոնի ազդեցությունը։ Այն բոլոր մարզերում ապահովելու է պարզ երկինք ու առանց տեղումների եղանակ։ Հունվարի 1-ին Աֆրիկայից ունենք արևադարձային օդային տաք հոսանքների բավականին բուռն ներհոսք, դրան չեն արձագանքի միայն Արարատյան դաշտն ու Երևանը, քանի որ այստեղ արդեն ունենք սառը օդի լճացում, որն արգելափակելու է այդ տաք օդային հոսանքների ներթափանցումը։ Սակայն հանրապետության մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը հունվարի 1-3-ը բարձրանալու է մոտ 5-6 աստիճանով։ Լեռնային գրեթե բոլոր մարզերում ցերեկային ժամերին կգրանցվի դրական ջերմաստիճան, որը կհասնի մինչև +6 աստիճանի, նախալեռնաին շրջաններում՝ +10 աստիճանի, Սունիքի ու Տավուշի հովտային շրջաններում կգրանցվի +16-+17 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայից բարձր է 8-10 աստիճանով»,-ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով, առաջիկա հինգ օրերին Արարտյան դաշտում ու Երևանում գիշերվա ժամերին սպասվում է մինչև -6 աստիճան ցուրտ, ցերեկվա ժամերին՝ +6 աստիճան տաքություն։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն, հունվար ամիսն էլ կլինի տաք, ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները