Որևէ երկրում նման բան չեք տեսնի՝ տնտեսական երկնիշ աճի կողքին ունենալ երկնիշ աղքատության աճ. Մանասերյան
«Անհասկանալի երևույթների տնտեսություն. ահա այսպիսին է Հայաստանի տնտեսությունը, որտեղ երկնիշ տնտեսական աճի կողքին ունենք երկնիշ աղքատության աճ։ Նման բան որևէ երկրում չեք տեսնի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
Ամփոփելով 2022 թվականի տնտեսական տարին, տնտեսագետը նշեց, որ այդպես էլ չհասկացանք՝ որպես պետություն, որոնք են մեր առաջնահերթությունները, ինչ ազգային օրակարգ պետք է ունենանք և ինչ ռեսուրսների հաշվին պետք է դրանք իրականացնել։
Նա նախ անդրադարձավ Կառավարության 2021-2026 թթ-ի գործունեության միջոցառումների ծրագրին, որում, Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, ներառված չեն տնտեսական սպառնալիքների դաշտը, բայց նաև այնպես չէ, որ իրականացվել են ծրագրում նշված կետերը։
«Ինչի մասին ասես գրված չէր՝ ներառական աճ, աղքատության կրճատում և այլն, մինչդեռ ամենածանր հարվածը, որ ՀՀ-ն ունեցավ, աղքատության աննախադեպ աճն է։ Երբեք մեր երկրում աղքատության մակարդակն այսքան բարձր չի եղել։ Ավելի պատկերավոր ասեմ՝ ամեն երկրորդ մարդն աղքատ է, ինչը մեծ ապտակ է բոլոր այն պոռոտախոսներին, որոնք փորձում են արտաքին գործոնների հաշվին ներկայացնել Հայաստանի տնտեսության աննախադեպ ձեռքբերումները։ Մենք այդպես էլ չհասկացանք, որ որպես պետություն ինչ առաջնահերթություններ, ազգային օրակարգ պետք է ունենանք, ինչ ռեսուրսների հաշվին պետք է դրանք իրականացնենք»,- նշում է տնտեսագետը։
Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ գործող կառավարությունը պարբերաբար խոսում է բնակչության աճի մասին,, որն այսօր նկատելի է, բայց ի հաշիվ Հայաստան եկողների. «Բնականաբար, ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո Հայաստան տեղափոխված ռուսները գնալու են մեր երկրից, ավելին՝ կտրուկ կնվազի այս տարի ծառայությունների և առևտրի ոլորտում արձանագրված աճը»։
Տնտեսագետն անդրադարձավ նաև աշխատատեղերի խնդրին՝ նշելով, որ թեև աշխատատեղերի ավելացման մասին են հայտարարում, ակնհայտ է, որ դրան զուգահեռ աճում է գործազրկության մակարդակը, ինչպես նաև նվազում են մարդկանց եկամուտները, ինչը պարադոքս է։
«Եթե աճում է զբաղվածությունը, ապա եկամուտները պետք է ավելանան, իսկ մեր երկրում հակառակն է։ Ճիշտ կլինի մեր տնտեսությունը բնութագրել որպես անհասկանալի երևույթների տնտեսություն։ Իրականում տնտեսական աճը պետք է էական ազդեցություն ունենա բնակչության եկամուտների ավելացման, գնողունակության բարձրացման, ընդհանուր բարեկեցության մակարդակի վրա և նպաստի աղքատության կրճատմանը։ Իսկ ինչ ունենք մենք՝ տնտեսական և աղքատության երկնիշ աճ։ Նման բան որևէ երկրում չեք տեսնի»,- ասում է տնտեսագիտության դոկտորը։
Ինչ վերաբերում է դրամի արժևորմանը, Թաթուլ Մանասերյանն այստեղ ևս անհասկանալի երևույթներ է տեսնում։ Դրամի արժևորումը պիտի որոշակի ազդեցություն ունենար ներմուծվող ապրանքների գների վրա, այսինքն՝ այդ ապրանքների գները պետք է իջնեին, սակայն, ըստ նրա, պետության վերահսկիչ գործառույթի բացակայության պատճառով տնտեսվարողները ոչ թե իջեցրել, այլ բարձրացրել են գները։ Նա նաև նկատեց, որ այդ ապրանքներն իրականում ներկրողներն էժան են ձեռք բերել։
«Երբ կառավարությունը խոսում է աննախադեպ թվերից, ապա չպետք է մոռանա նաև աննախադեպ գնաճի մասին։ Նախորդ տարիներին և Կենտրոնական բանկին, և կառավարություններին հաջողվել է զսպել գնաճը, բայց այս տարի տեսնում ենք, որ դրամն արժևորվել է, ուժեղացել, բայց մյուս կողմից գներն են աճել, ինչն ավելի է խորացրել սոցիալական խնդիրները։ Չպետք է մոռանալ, որ ՀՀ-ն կախվածություն ունի տրանսֆերտներից, որոնք գալիս են ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Միացյալ նահանգներից և այլն, և դոլարով գումար ստացող քաղաքացիներն այսօր 20-22%-ով ավելի քիչ եկամուտ են ստանում, քան նախկիում»,- ասում է Մանասերյանը։
Հարցին, թե արդյոք հաջորդ տարվա համար ստեղծվել են տնտեսական զարգացման նախադրյալներ, տնտեսագետն նշում է՝ դրանք կարող էին ստեղծվել, եթե կապիտալ ծախսերն աճեին, մինչդեռ այդ ծախսերի մի զգալի հատված չի իրացվել։
«Ինչ բյուջեով նախատեսված էր, դա ևս չի ծախսվել։ Սա խոսում է կառավարության անկարողության կամ բանիմացության պակասի, ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործման մասին։ Այսպիսով, մեր երկրի ապագան ավելի շատ կախված է հարադեպային գործոններից՝ այնպես, ինչպես այս տարի։ Օրինակ՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դեպքում ունեցանք տնտեսական աճ, իսկ եթե չկա պատերազմ, ապա աճ չի լինի։ Իրականում սա ոչ միայն ցավալի է, այլև ամոթալի՝ հույս դնել նման գործոնների վրա։
Կառավարությունում պետք է լինեն փորձառու, բանիմաց մարդիկ, բայց ինչի մասին է խոսքը, երբ, օրինակ, մեր երկրում էկոնոմիկայի նախարարը չունի տնտեսագիտական կրթություն, տարրական տնտեսագիտական գիտելիքներ։ Դա աննախադեպ է։ Ասում են՝ մենեջմենթն է կարևոր, բայց դա տնտեսագիտության շատ կարևոր մասն է։ Գիտելիքն ընդհանրապես պահանջարկված չէ։ Եւ պատահական չէ, որ 2023 թ-ի պետական բյուջեով գիտության ոլորտին հատկացված ծախսերը վեց անգամ զիջում են ոստիկանությանը տրամադրված ծախսերին։ Պատկերացնում եք՝ ոչ թե բանակին, այլ ոստիկանությանը, ինչը մտածելու տեղիք է տալիս»,- նշում է տնտեսագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան