Փաշինյան. Այո՛, հենց դատավորների աշխատավարձ ենք բարձրացնում
«Մենք շատ հրատապ գոյաբանական օրակարգեր ունենք, բայց ո՞րն է այդ օրակարգերը սպասարկելու, այդ մարտահրավերները դիմակայելու ձևը, դա պետական ինստիտուտների կայացման գործից ոչ մի վայրկյան չշեղվելն է»,-արդարադատության նախարարությունում այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա նշել է.
«Սա շատ կարևոր է, որովհետև, ընդհանրապես, պետությունը պետք է ինստիտուցիոնալ խորություն ունենա, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայել բոլոր հնարավոր մարտահրավերներին: Ես մեր, այդ թվում՝ անվտանգային մարտահրավերների ամենախորքային պատճառը համարում եմ, և դա իմ համոզմունքն է, նաև այս անցած իրադարձությունները վերլուծելով, մեր ինստիտուցիոնալ կայացվածության ցածր մակարդակը բոլոր օղակներում»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս գործը պետք է հետևողական իրականացվի, որքան էլ այն դժվար ու ծանր լինի.
«Այս քննադատությունն էլ կա, թե ինչո՞վ եք զբաղվում՝ դատավորների աշխատավա՞րձ եք բարձրացնում և այլն: Այո՛, հենց դատավորների աշխատավարձ ենք բարձրացնում, որովհետև մենք դատավորներինն էլ, զինվորականներինն էլ, ոստիկաններինն էլ, ուսուցիչներինն էլ, թոշակառուների թոշակներն էլ բարձրացնում ենք, որովհետև ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր է:
Այսինքն, պետք է օրգանիզմ լինի, օրգանիզմն առողջ լինի, առողջ մկանային համակարգ, առողջ արյունատար և ուղեղային համակարգ ունենա, որ կարողանա հասկանալ ինչ է կատարվում իր շուրջը և դիմակայել: Այս առումով, դատական իշխանության կայացվածությունը կարևոր է: Մենք 13-14 տոկոս տնտեսական աճ կապահովենք և մեր մարտահրավերն է՝ ապահովել այդ տնտեսական դինամիկան:
Եվ դատական համակարգի արդյունավետ գործունեությունը կարևոր է նաև ներդրումների գրավչության առումով, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց իրավունքները պատշաճ կպահպանվեն, ներդրումային ռիսկերը կկառավարվեն: Առաջիկայում պետք է ստեղծենք արբիտրաժ, որը չափազանց կարևոր իրադարձություն է և նորամուծություն: Արբիտրաժային գործերում պիտի կողմերի համաձայնության հնարավորություն ստեղծվի, իրենց հետագա հարաբերությունները կարգավորվեն ոչ Հայաստանի Հանրապետության օրենսդրության օրենսդրությամբ, այլ, օրինակ՝ միջազգայնորեն ընդունված այլ իրավունքներով և այսպես շարունակ: Շատ մեծ անելիք կա առաջիկայում և այդ անելիքի գործում, այդ անելիքի մեջ, իհարկե, Արդարադատության նախարարության դերը շատ կարևոր է և առանցքային»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան