Ինչպե՞ս անցկացնել տոնական օրերն ուրախ, առանց հիվանդանալու ռիսկերի. խորհուրդներ բժշկից
Նոր տարին մանուկների սիրելի տոնն է, և երեխաներն անհամբերությամբ սպասում են ամանորյա հրաշքներին ու Ձմեռ պապիկի նվերներին։ Նոր տարի․ մանդարին, կոնֆետներ, զարդարված տոնածառ։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան էջում իր խորհուրդներ է ներկայացրել ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Սիմոնյանը՝ ինչպե՞ս անցկացնել տոնական օրերն ուրախ, առանց հիվանդանալու ռիսկերի։
Նա նշում է, եթե Ձեր երեխան ունի ալերգիա, հիշե՛ք, որ տոնածառը, ինչպես բնական, այնպես էլ արհեստական, կարող է նպաստել ալերգիայի սրացմանը։
Բնական եղևնին կարող է պարունակել փոշի, բորբոսներ, միջատներ, ցողված լինել վնասատուների դեմ պայքարի համար նախատեսված հեղուկով։
Խորհուրդ է տրվում լվանալ այդպիսի եղևնին տաք ջրով, չորացնել, հետո միայն տեղադրել և զարդարել։
Արհեստական եղևնիները ևս կարող են երեխայի մոտ ալերգիայի սրման պատճառ հանդիսանալ։
Դրանք նույնպես պետք է լվանալ, ինչը համեմատաբար ավելի հեշտ է, և հեռացնել եղևնու վրա նստած փոշին։
Բացի դրանից, այդպիսի եղևնիները կարող են մշակված լինել հատուկ հոտավետ նյութերով, սոճու բույրով, որոնց նկատմամբ երեխան կարող է ալերգիա ունենալ։
Կարևոր է հիշել, որ ալերգիկ ռեակցիան կարող է դրսևորվել ոչ միայն մաշկի վրա ցանով, քորով, փռշտոցով և հազով, այլև կյանքին սպառնացող իրավիճակով՝ Կվինկեի այտուցի տեսքով։
Անհնար է ամեն ինչ կանխատեսել, այդ պատճառով ձեռքի տակ պետք է ունենալ բժշկի կողմից նշանակված հակահիստամինային դեղամիջոցներ, լավագույնը՝ հեղուկ վիճակում, քանի որ դեղամիջոցն այդ վիճակում ավելի արագ է ներծծվում օրգանիզմի կողմից, ինչպես նաև համապատասխանում է և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին։
Բոլորին ուրախ տոներ, խաղաղ օրեր: