Սրանց անբարո իշխանությունն այնքան է կասկածում ինքն իր վրա, որ նման որոշում է կայացնում. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Հայրենիքի ռազմավարական տարածքները թշնամուն հանձնած, տարածքային ամբողջականությունը խաթարած, ժողովրդի թիկունքում կեղտոտ խաղեր խաղացող և ստորացուցիչ քաղաքականություն վարող կառավարությունը որոշել է, որ այսուհետ ինքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբ:
Սովորաբար քաղաքական ուժերի համար սա բարոյական նորմ է, սրբազան կանոն: Նորմալ երկրներում նման օրենսդրության կարիք չկա, որովհետև այնտեղ հայրենիքը հանձնելուց հետո, լկտիաբար չեն ասում « ...Շուշին դժգույն քաղաք էր, կամ ձնապատ սար, կամ Սև լճի 30%-ի համար հո չէի՞նք կռվելու և այլն»: Իսկ սրանց անբարո իշխանությունն այնքան է կասկածում ինքն իր վրա, որ նման որոշում է կայացնում:
Դե եթե այդպես է, ուրեմն առավել քան տեղին է օրենքով սահմանել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու համար նախատեսվում է 15-18 տարի ազատազրկում: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար` 10-12 տարի ազատազրկում: Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար` 5-8 տարի ազատազրկում: Ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքը ձախողելու, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչներին զրպարտելու, հասարակությունը պառակտելու, պետական բյուջեի միջոցները անարդյունավետ ծրագրերով մսխելու և այլ վնասարարությունների համար` նախատեսել 6-8 տարի ազատազրկում:
Կապիտուլյանտ իշխանության պարագայում այս ցանկը կարելի է շարունակել: Իրավաբանները սրանց գործողությունները բնութագրող ավելի շատ հանցակազմեր կարող են թվարկել:
Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունն անքննելի և անսակարկելի արժեքներ են, անկախ այն բանից` սանկցիա կա՞, թե՞ ոչ: 2018թ. թավշյա իշխանազավթումից հետո Հայաստանը զգալիորեն կորցրեց իր ինքնիշխան քաղաքականությունը` ընկնելով իշխանափոխության օտարերկրյա տերերի ազդեցության տակ: Արդյունքում` պատերազմ, կորուստներ, անվտանգության զրոյական մակարդակ, սուբյեկտայնության անկում և այլ քաղաքական ձախողումներ:
Կառավարության երեկվա որոշումը խոսում է այն ընդունողների ողորմելի անկարողության ու թուլամորթության մասին: Նրանք դրսում ոչ մի կողմի չեն կարողանում «ո´չ» ասել, դրա համար էլ ցանկանում են օրենք ընդունել, որպեսզի թաքնվեն այդ իրավական նորմի հետևում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան