ՌԴ ԱԳՆ. Մտահոգություն ենք հայտնում Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման հարցում առաջընթացի բացակայությամբ
ՌԴ ԱԳՆ կայքը հրապարակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը՝ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ։
Մեկնաբանության մեջ ասվում է.
«Մտահոգություն ենք հայտնում Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման հարցում՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի առումով առաջընթացի բացակայության կապակցությամբ։ Համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ ռուսական կողմը, մասնավորապես ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Ընդգծում ենք, որ հենց ռուս խաղաղապահներն ունեն առանցքային ներդրում իրենց տեղակայման տարածքում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած գագաթնաժողովում։
Ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք մեր խաղաղապահների դեմ մենք համարում ենք անընդունելի և կանխամտածված գործողություններ, որոնք շոշափելի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները: Նշենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար։ Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի զարգացման վերաբերյալ։
Մենք կողմ ենք ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացմանը, որոնք ուղղված են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և հասարակական գործիչների, երկու երկրների փորձագետների ու խորհրդարանականների միջև կապերի հասատմանը»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ. Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունները
- ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում նախատեսված Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան