Հայաստանում շրջանառում են գրիպի Ա H1N1 և H3 ենթտեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ
Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 շաբաթվա ընթացքում սեզոնայնությամբ պայմանվորված արձանագրվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հիվանդացությունն ըստ տարիքային խմբերի առավել բարձր է հիմնականում 0-4 տարեկան երեխաների շրջանում։ Ակտիվության բարձր ինտենսիվություն է արձանագրվում ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։
Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա H1N1 և H3 ենթտեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է.
. Եթե դեռ չեք պատվաստվել գրիպի դեմ, դիմեք ցանկացած պոլիկլինիկա/ամբուլատորիա՝ անկախ գրանցման վայրից, և պատվաստվեք,
.Եթե ունեք սուր շնչառական վարակների բնորոշ ախտանշաններ (քթահոսություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ, մկանացավ, թուլություն) անհապաղ դիմեք բժիշկի հետագա բարդություններից խուսափելու համար,
. խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
. եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
. մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, անհարկի մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
. հագնվե´ք եղանակին համահունչ,
. պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
. օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
. հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
. հետևե´ք անձնական հիգիենային: