Մանե Թանդիլյան. Վճռական է պահը, և դրա լրջությունը բոլորս պետք է հասկանանք
«Այսօր էլ մենք Նոր տարին դիմավորում ենք թշնամու սպառնալիքի ու անմարդկային քայլերի պայմաններում, երբ Արցախը կտրված է մայր Հայաստանից, այնտեղ ապրող մեր հայրենակիցները գտնվում են հումանիտար ճգնաժամի մեջ։ Թվում է, թե մեզ բաժին է ընկել փորձությունների անվերջանալի շղթա․․․ բայց մեր հավաքական կամքը, դժվարին պահերին ելքեր փնտելու մեր կարողությունը, գենետիկ իմաստությունն այս անգամ էլ, վստահ եմ, մեզ ոտքի են կանգնեցնելու։
Վճռական է պահը, և դրա լրջությունը բոլորս պետք է հասկանանք։ 2023 թվականը պետք է լինի մեր գալստյան տարին, մեր ուժի և միասնականության, ազգային համերաշխության կերտման մեկնարկը»,-ամանորյա իր ուղերձում նշել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Նա նշել է՝ այլևս անհանդուրժող պետք է լինի մեր պայքարը հանուն մեր երկրի, մեր ինքնության պահպանման՝ հակառակ թշնամու օրեցօր ավելացող ցանկությունների և աշխարհի լուռ անտարբերության։
«Մենք պետք է կարողանանք ճիշտ, պրոֆեսիոնալ որոշումներ կայացնել՝ մեր երկիրը բարդագույն իրավիճակից հանելու համար, համախմբենք մեր ներուժն ու հնարավորությունները, կապերն ու կապիտալը և անտրտունջ գնանք խնդիրների լուծման ճանապարհով։ Մենք չունենք ժամանակ կորցնելու․ փոփոխություններ բերող առաջնորդների, կարող ու կամային մարդկանց կարիք ունի մեր երկիրը։
Վստահ եմ՝ 2023 թվականին բոլորիս միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանը դառնալու է այն երկիրը, որտեղ ապրում են ու արարում։
Սեր ու ջերմություն բոլորիս ընտանիքներին և խաղաղություն մեր միասնական հայրենիքին»,-մասնավորապես ասված է Թանդիլյանի ուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին