Թուրքիան սկսում է աշխատանքները Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծի վրա
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտնել է, որ հանրապետությունը սկսել է ռուս-թուրքական գազային հանգույցի նախագծի աշխատանքները։ Այս մասին նա ասել է TVnet հեռուստաալիքի եթերում, որի խոսքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն։
2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է ստեղծել գազային հանգույց՝ Եվրոպա մատակարարումների համար։
«Մեր նախնական նախապատրաստման ժամանակը մեկ տարի է, այժմ մենք գնահատում ենք ենթակառուցվածքները և այլ մանրամասները»,-ասել է Դոնմեզը:
Նախարարն ընդգծել է, որ Անկարան մտադիր է օգտվել այդ նախագծից, և դրա համար կան բոլոր հնարավորությունները։ Նա ենթադրել է, որ ժամանակի ընթացքում եվրոպական երկրները կարող են հետաքրքրություն ցուցաբերել այս հանգույցի նկատմամբ։
Դոնմեզը հավելել է, որ թուրքական կողմը գինը ոչ մեկին չի պարտադրի, «այն ինքնատիպ սուպերմարկետ կլինի, որտեղ գնի առաջարկներ կանեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ուզբեկստանը մերժում է «եռակողմ գազային միություն» ստեղծելու ռուսական նախաձեռնությունը. Reuters
- Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր․ Արայիկ Հարությունյան
- Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայում գազային հանգույց կառուցելու Պուտինի գաղափարին
- Էրդողանը հայտարարել է, թե հայտնաբերել են Սև ծովի խոշորագույն գազային հանքավայրը