Էրդողանը ծրագրում է քննարկել Ուկրաինայի իրադրությունը Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է չորեքշաբթի օրը հեռախոսազրույցներ ունենալ ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
Նրա խոսքով ՝ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերը։
Տեղեկությունը, որ Պուտինը պլանավորում է հունվարի 4-ին զրուցել Էրդողանի հետ, «Ինտերֆաքս»-ին հաստատել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հունվարի 1-ին Քալինը հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է դիվանագիտական միջոցներով Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը։ Նա նշել է, որ Անկարան Կիևին օգնություն է ցուցաբերում բազմաթիվ ուղղություններով, սակայն չի դադարեցնում Մոսկվայի հետ համագործակցությունը, քանի որ դա համապատասխանում է Թուրքիայի ազգային շահերին։