Հայաստանում ակտիվացել է RSV տեսակի վիրուսը, ոը երեխաների մոտ առաջացնում է թթվածնային քաղց. մասնագետ
Գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակն ավելի շատ թիրախավորում է երեխաներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս ժամանակաշրջանի առանձնահատկությունն այն է, որ ի լրումն գրիպի վիրուսի, Հայաստանում ակտիվացել են նաև մանկական այլ վիրուսները, մասնավորապես RSV տեսակի վիրուսը, որը հենց հոսպիտալացումների զգալի տոկոսն է կազմում։ Այդ վիրուսն, ըստ Սերգեյ Սարգսյանի, երեխաների մոտ առաջացնում է թթվածնային քաղց։
«Այս վիրուսը երեխաների մոտ առաջացնում է թթվածնային քաղց, հետևաբար առաջանում է երեխաներին թթվածին տալու անհրաժեշտություն։Այս պատկերը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ աշխարհին։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք ունեցել ենք COVID-19 և սահմանափակումներ, և երեխաների հիվանդության համաճարակաբանական շղթան խախտվել է»,- նշեց Սերգեյ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ երեխաների մոտ երբեմն մի քանի վիրուս համատեղ են ընթանում, վերջերս շատ են գրանցվում նաև ականջաբորբի դեպքերը։
«Իմ երեսնամյա գործունեության ընթացքում երբևիցե չեմ տեսել, որ ականջաբորդի այսքան մեծ քանակ լինի։ Ամեն երկրորդն ունի ականջաբորբ, որը փոփոխում է կիլինիկական պատկերը, ավելի երկարացնում է հիվանդությունը, բարդացնում է վիճակը։ Զգալի տոկոս դեպքերում բժիշկները ստիպված են հակաբիոտիկ նշանակել», – ասաց մասնագետը։
Սերգեյ Սարգսյանը նշեց, որ մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում, ընդունարաններում կուտակումներ են։ «Հաշվի առնելով այս ամենը, դիմում ենք ծնողներին՝ չուշացնել, երեխաների մոտ առաջին ախտանշանների դեպքում դիմել առաջնային օղակին», - նշեց բժիշկը։