Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված գրանցվել է մահվան 2 դեպք
Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված գրանցվել է մահվան 2 դեպք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ներկայում դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն, իսկ եվրոպական տարածաշրջանի 33 երկրում՝ գրիպի տարածվածության բարձր ակտիվություն: Ըստ նրա՝ այդ տարածաշրջանի երկրներում շրջանառվում է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը, մինչդեռ ՌԴ-ում և Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակը, որն ավելի ծանր ընթացք ունի:
«Եթե ժամանակին չդիմեն բժշկական օգնության, վիրուսը կարող է նաև մահվան հանգեցնել: Գրիպ A տեսակն ավելի շատ խոցում է երեխաներին»,- հայտնեց Ռոմելլա Աբովյանը։
Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ վարչության պետն ասաց, որ հունվարի 3-ի դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում է գտնվում թոքաբորբով հոսպիտալացված 209 հիվանդ, որից 127-ը կամ շուրջ 60 տոկոսը, 0-18 տարեկան են:
Բացի այդ, ըստ նրա, հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում կա 55 պացիենտ, որոնցից 47-ը 0-18 տարեկան երեխաներն են: Նշվեց նաև, որ ընդհանուր առմամբ, հիվանդանոցների բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 հիվանդ, որոնցից 96 տոկոսը նույնպես 0-ից 18 տարեկաններն են։
«Սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ ունենալու դեպքում անմիջապես դիմեք բժշկական օգնության և սպասարկման, քանի որ կան դեպքեր, երբ բավականին ծանր կլինիկական ախտանշաններով ու ընթացքով են դիմում բժշկական օգնության ու սպասարկման, ինչի պատճառով, ցավոք սրտի, հիվանդներին փրկել չի հաջողվում։ Ցավոք, Հայաստանում ունենք H1N1 վիրուսով պայմանավորված մահվան 2 դեպք»,- ասաց Ռոմելլա Աբովյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին