ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս
ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն այս տարվա իր առաջին ճեպազրույցում։
«ԱՄՆ-ը շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը։: Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
Նա հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների միջև Վաշինգտոնում և Նյու Յորքում կազմակերպված հանդիպումների մասին:
«Մենք շարունակելու ենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսլականը: Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում։ Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ։ Դա ծանր աշխատանք է, որը պետք է անեն իրենք՝ կողմերը»,- ասել է Նեդ Փրայսը։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել իր ջանքերը հիմա, երբ Ռուսաստանի և Բրյուսելի միջնորդական ջանքերը ոչնչի չեն հանգեցրել, պետքարտուղարության խոսնակը պատասխանել է.
«Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնելու այդ վերջնական վիճակին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին