2022-ին Հայոց ցեղասպանության թանգարանն ունեցել է 41 184 օտարերկրացի այցելու
2022 թ. Հայոց ցեղասպանության թանգարանն ունեցել է ընդհանուր առմամբ 57 930 այցելու. 41 184-ը՝ օտարերկրացի և 16 746-ը՝ տեղացի: 2022 թ. ընթացքում թանգարան-ինստիտուտի էքսկուրսավարները և գիտաշխատողները անցկացրել են 1 903 էքսկուրսիա:
Նշված ժամանակահատվածում հանրապետության և սփյուռքի ուսումնական հաստատություններից թանգարան են այցելել 11 441 աշակերտ և ուսանող: ՀՑԹԻ պատկերասրահ այցելել է 544 այցելու, որից 342-ը օտարերկրացի, 202-ը՝ տեղացի:
Հաշվետու ժամանակահատվածում հուշահամալիր և թանգարան է այցելել 78 պաշտոնական պատվիրակություն: Հիշատակի պուրակում տնկվել է 4 արծաթափայլ եղևնի: Այս տվյալները ներկայացված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքում։
2022 թ. ՀՑԹԻ հիմնական ֆոնդում գրանցվել է 251 թանգարանային առարկա, որոնք հաստատվել են Ֆոնդային գնահատող հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաև 158 առարկա գրանցվել է նոր ձևավորված գիտաօժանդակ ֆոնդում։
Այս տարվա նշանակալի ձեռքբերումներից են եղել Հայոց ցեղասպանությունը վերապրած Բագրատ Քոշքցյանի «Մի հայ կյանք» հուշագրությունը, ինչպես նաև Անանիա Ծ․ Վ․ Աբելյանի՝ «Յուշեր և նիշեր» 1915-1918 թթ. օրագրությունը: Արժեքավոր ձեռքբերում է Կեսարիայի Արամյան նախակրթարանի սանուհի Վեհինե Պուտաղյանին 1899 թ. տրված վկայականը: Թանգարանային ֆոնդերը համալրվել են Արգենտինայում և Ուրուգվայում տեղի հայ համայնքի կողմից 1963-1965 թթ․ կազմակերպած միջոցառումների ազդագրերով, պաստառներով, հրավիրատոմսերով և ծրագրերով:
Շարունակվել են ֆոնդերի ցուցակների թվայնացման, ինչպես նաև Մայր մատյանում (Գլխավոր գույքամատյան), ժամանակավոր և նախնական ֆոնդերում առարկաների գրանցման աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում Մայր մատյանում լրացվել է 6573 միավոր առարկա։ «Հայկական գանձարան» էլեկտրոնային շտեմարանում մուտքագրվել է 162 թանգարանային առարկա։
2022-ին գրադարանը համալրվել է 771 գրադարանային միավորով: National Association for Armenian Studies and Research (NAASR) կազմակերպության աջակցությամբ ձեռք է բերվել շուրջ 53 անուն գրականություն: Գրադարանը համագործակցելով «Հրանտ Դինք» հիմնադրամի հետ համալրել է իր հավաքածուն 37 գրադարանային միավորով:
Համաձայն «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հ. Մարությանի 2021 թ. հուլիսի 30-ի N225-L հրամանի («Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի մի շարք կարգեր գործողության մեջ դնելու մասին) սկսվել է ՀՑԹԻ Գիտական ֆոնդից գրադարանի առանձնացման գործընթացը, որն իր մեջ ներառում է գրքերի ցանկերի կազմում՝ Ֆոնդային գնահատող հանձնաժողովին ներկայացնելու համար: 2022 թ. ընթացքում ցուցակագրվել է շուրջ 7.400 գիրք: Ընդհանուր առմամբ 2021-2022 թթ. ընթացքում ցուցակագրված գրքերի թիվը կազմել է 9.200, որից 1.800-ը ներկայացվել է Ֆոնդային գնահատող հանձնաժողովին, ստացել Թանգարանային ֆոնդի հաշվառումից դուրս գալու և գիտական գրադարանում մուտքագրվելու հավանությունը: Գրքերի ներկայացված խմբաքանակը ստացել է գիտական գրադարան տեղափոխման ԿԳՄՍ նախարարության թույլտվությունը: Գրքերի փաստացի տեղափոխման գործընթացը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին