Արհեստական բեղմնավորման հնարավորությունից կարող են օգտվել բոլոր զույգերը
Պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագիրը բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հիշեցնելով, որ պետության կողմից ֆինանսավորվող այդ ծրագրում առաջնահերթությունը մինչ օրս տրվել է զոհված զինծառայողների ընտանիքներին ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, և ընդգրկել է շհառուների փոքր խումբ։
«Կարծում ենք, որ այս ծրագիրը շատ սպասված է, որովհետև բավական շատ դիմումներ ունենք, որոնք հերթագրել ենք, ու կարծում ենք, որ ծրագրի ընդլայնման շրջանակում կկարողանանք բավարարել մեր քաղաքացիների պահանջարկը։ Այն նաև ուղղված կլինի անպտղության հաղթահարմանը»,– ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ 2021թ․-ին իրականացվել է լայնածավալ հետազություն՝ Հայաստանում անպտղության ցուցանիշների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ արձանագրվել է առաջնային անպտղության որոշակի ցուցանիշների բարելավում։ Իսկ ահա երկրորդային անպտղության ցուցանիշներն աճել են։