Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է՝ զինծառայողները հափշտակել են զորամասին հատկացված դիզվառելիքը
Պաշտպանության նախարարության N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է 236 հազար 169 դրամ արժողությամբ դիզելային վառելիք: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
«Մասնավորապես՝ պարզվել է, որ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն, պատասխանատու լինելով վառելիքի և քսանյութի ծախսերը, հատուկ հեղուկների և տեխնիկական միջոցների ընդունումը, պահպանումը և ստորաբաժանումների բացթողնման աշխատանքները վերահսկելու համար, մտերիմ հարաբերություններ ունենալով ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ի հետ, նրանից վերցրել է 80 հազար դրամ:
Այնուհետև պարտքը մարելու, ինչպես նաև 1 լիտրը 400 դրամով Ա.Գ.-ին հավելյալ դիզելային վառելիք վաճառելու նպատակով 2022 թվականի մայիսի 18-ին վերջինիս հետ ձեռք է բերել զորամասի վառելիքը յուրացման եղանակով հափշտակելու և այն իրացնելու պայմանավորվածություն:
Հանցավոր մտադրությունը ավարտին հասցնելու նպատակով՝ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն շարքային Գ.Ա.-ին հանձնարարել է Նորատուս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ չշահագործվող բենզալցակայանում «Ուրալ» մակնիշի ՊՆ վառելիքալիցքավորիչ ավտոմեքենայից դուրս բերել իրեն վստահված 5065 լիտր դիզելային վառելիքից 480 լիտրը և այն հանձնել ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ին:
Ա.Գ.-ն 2022 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ավտոմեքենայով գնացել է չշահագործվող բենզալցակայան, որտեղ շարքային Գ.Ա.-ն նշված վառելիքալիցքավորիչ ավտոմեքենայից դատարկել և 20 լիտր տարողությամբ 24 տարաներում լիցքավորել է ընդհանուր՝ 237 հազար 609 դրամ արժողության 480 լիտր դիզելային վառելիք, որը Ա.Գ.-ի հետ տեղավորել են նրա ավտոմեքենայում, ինչից հետո վերջինս հեռացել է հիշյալ վայրից:
2022 թվականի հոկտեմբերի 25-ին քրեական վարույթը ըստ մեղադրանքի N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ի՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում) և ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ-ի՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով (պաշտոնական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացմանը օժանադակել) ուղարկվել է դատարան (շարքային Գ.Ա.-ի նկատմամբ որոշվել է չհարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը):
Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրվող արարքում. նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով (800 հազար դրամ): Մեղսագրվող արարքում մեղավոր է ճանաչվել նաև ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ն. նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է հանրային աշխատանքը՝ 200 ժամ տևողությամբ:
Հսկող դատախազը միջնորդել է Պաշտպանության նախարարությանը դիտարկել հիշյալ զինծառայողների հետագա ծառայության շարունակության նպատակահարմարությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան