Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում
Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրալի տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցել են Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Մինչ Սուրբ Պատարագը կատարվել է Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվել են սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցել են Դանիելի մարգարեությունը:
Սուրբ Պատարագի ընթացքում Վազգեն Սրբազանը, իր քարոզում ներկայացնելով Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհուրդը, անդրադարձ է կատարել մարդ-Աստված հարաբերությանը. «Թեև չենք բացառում մարգարեների, Սուրբ Գրքի մեկնիչների, աստվածաբանների կարևորությունը՝ Աստծու խոսքը մեզ ավելի դյուրին մատուցելու առումով, բայց այսօր կարևոր է յուրաքանչյուրիս անհատական հաղորդակցությունն Աստծո հետ»։
Այս առնչությամբ պատարագիչ Սրբազանը հորդորել է ներկաներին, թոթափելով աշխարհիկ մտածումները և հեռու վանելով մարդու հոգին ու կյանքը մաշող խոհերը, խոսել Տիրոջ հետ՝ դեպի երկինք բարձրացնելով մեր անկեղծ աղոթքները։
Վազգեն Սրբազանը, անդրադառնալով նաև մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ընդգծել է, որ առկա փորձությունները հնարավոր է հաղթահարել հավատքի, աղոթքի ու նվիրական գործերի շնորհիվ։
Վերջում Պատարագիչ Սրբազանը տոնի առիթով շնորհավորել է հավատացյալ հայորդիներին և մաղթել Սուրբ Ծննդյան լուսավոր օրհնությունն ամենքին։
Սուրբ Պատարագի ավարտին, նախատոնակի արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացել է Սուրբ Խորան և վառել կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվել է հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվել է Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվել է տարվա առաջին Տնօրհնեքը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին