Ամենաբարդն է՝ և ժամանակակից լինել, և միջնադարյան հայ արվեստի ազդեցությունը կրել. արվեստաբան Վիգեն Ղազարյան
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստաբան Վիգեն Ղազարյանը համոզված է՝ մեր ժողովուրդը տաղանդավոր է, մեր արվեստագետներն արվեստի բնագավառում աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, փոփոխություններին, տենդենցներին հետևում են։ Նրա գնահատմամբ շատ բարդ է՝ և ժամանակակից արվեստին հետևել, և միաժամանակ հայկական միջնադարյան բարձր արվեստի ազդեցությունը պահպանել։
Panorama.am-ը զրուցել է Վիգեն Ղազարյանի հետ միջնադարյան հայ արվեստի և ժամանակակից արվեստի մասին։
Panorama.am - Ինչպե՞ս կգնահատեք այսօր Հայաստանում արվեստի ոլորտում տեղի ունեցող զարգացումները, նկատվող տենդենցները։
Վիգեն Ղազարյան - Ես միջնադարի մասնագետ եմ, խորը չեմ ուսումնասիրել այդ նոր տենդենցները։ Բայց գիտեմ, որ մեր ժողովուրդը տաղանդավոր է, աշխարհում տեղի ունեցող զարգացումներին մեր նկարիչները հետևում են։ Տաղանդավոր մարդիկ են։
Panorama.am - Իսկ մենք պե՞տք է հետևենք այդ տենդենցներին, թե՞ մենք մերը պահպանելու ուղղությամբ պետք է ավելի շատ գնանք։
Վիգեն Ղազարյան - Երկուսն էլ, որովհետև ոչ մի նկարչի չես կարող ասել՝ ավելի շատ հայկական տենդենցներին է հետևում, եվրոպականին, թե՞ համաշխարհայինին։ Բարդ գործ է։ Նույնիսկ Մարտիրոս Սարյանը, որ այսքան հայկական է թվում, նրա գործերում ինչքան ասես եվրոպական տարրեր կան, որոնք նորմալ չեն ուսումնասիրվել։
Panorama.am - Այսօր հայ արվեստագետները պե՞տք է միջնադարյան արվեստի ավանդույթներին հետևեն։
Վիգեն Ղազարյան - Բարդ բան է, եթե կարողանան հետևեն։ Պետք է կարողանան ճիշտ հետևել։ Ամենաբարդն գործն այն է, որ և ժամանակակից լինի, և միջնադարյան արվեստի ազդեցությունը լինի։ Մեր միջնադարյան արվեստը շատ բարձր արվեստ է, համաշխարհային, որի մասին ոչ միայն հայերն են գրել, նաև եվրոպացիները, ամերիկացիները, ռուսները։ Եթե այդքան բարձր մակարդակ չունենար, չէին զբաղվի հայ արվեստի ուսումնասիրությամբ։ Մենք աշխարհում մեր տեղն ունենք Բյուզանդիայի կողքին։
Panorama.am - Ի՞նչն էր նպաստել, որ միջնադարում նման բարձր արվեստ ունեցանք։
Վիգեն Ղազարյան - Նրանք սրբություն գիտեին, Աստծուն էին հավատում, աստվածաբանական գործերն էին պատկերագրում, նրանք սրբորեն էին այդ ամենին վերաբերում։ Սխալ բան չէին կարող անել։ Նրանք իրենց արվեստում շատ ավելի մաքուր ու հավատարիմ էին, քան այսօրվա մեր հանճարեղ նկարիչները։ Դա այդպես է, քանի որ քրիստոնեության հետ էր կապված, իսկ 19-րդ, 20-րդ դարերի նկարիչները կապված են շատ անգամ կենդանի կյանքի, շատ անգամ ներքին զգացումների հետ, իհարկե, նաև այն վարպետների գործերի հետ, որոնցից իրենք սովորում են։
Panorama.am - Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան