Հուշարձանների տարածքներում իրավախախտումների և այլ չհամաձայնեցված աշխատանքների 74 դեպքով տեղեկություն է տրամադրվել իրավապահներին. Հովհաննիսյան
«2022 թվականի ընթացքում հուշարձանների տարածքներում կատարված իրավախախտումների և այլ չհամաձայնեցված աշխատանքների 74 դեպքի վերաբերյալ տեղեկություն է տրամադրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և իրավապահ մարմիններին: Երկուական դեպք գտնվում է նախաքննության փուլում, երկուական դեպքով հարուցվել է քրեական գործ և վարչական վարույթ, երկու դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով»,- այս տվյալները հայտնել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյան, որի հետ հարցազրույցը նեկայացված է ՊՈԱԿ-ի կայքում։
Նա հայտնել է, որ «Պահպանության ծառայությունը» ունի եզակի հնագիտական, մարդաբանական, արխիվային նյութեր, որոնք պահվում են անընդհատ համալրվող տարբեր ֆոնդերում: Այս տարի հիմնական ֆոնդը համալրվել է 2059 թանգարանային առարկայով, 1114 փաստավավերագրով:
2022 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում հաշվառված և մշտական պահպանության է վերցված 346 937 միավոր թանգարանային առարկա, որից 321508–ը` հիմնական, իսկ 25429–ը գիտաօժանդակ բնույթի նյութեր են: