Վարդան Բալյան. Ադրբեջանցիները բաց տեքստով են խոսում հումանիտար օգնության նպատակադրման մասին
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Այն, որ Լաչինում ադրբեջանական էկոարշավը մաս է կազմում Ալիևի աշխատակազմում մշակված ծրագրի, կարծում եմ, համոզվել են բոլորը: Հիշեցնեմ, որ էկոցիդի դեմ պայքարը Ադրբեջանի ոսկու հանքերի խոշորագույն սեփականատեր Ալիևների ընտանիքի սպասարկուները խորհրդանշական զուգադիպությամբ մեկնարկել են դեռ դեկտեմբերի 12-ին՝ Հեյդարի Ալիևի հիշատակի օրը:
Այդ և բազմաթիվ այլ հետքրքրական հանգամանքների մասին թերևս խոսելու կարիք կա, բայց հիմա շատ ավելի կարևոր եմ համարում տեղեկացնել, որ ադրբեջանցիները նախապատրաստում են հումանիտար օգնության միջոցառում կազմակերպել: Տևական ժամանակ է արդեն, որ Ադրբեջանը տեղեկատվական և դիվանագիտական հարթակներում անընդհատ շեշտադրում է, թե Լաչինի միջանցքը հումանիտար բեռների և մարդկանց տեղաշարժի համար արգելափակված չէ առնվազն ադրբեջանցի ակտիվիստների կողմից:
Ըստ որում, որպես ապացույց, ադրբեջանացիները ամեն օր հանրայնացնում են տեղեկատվությունը ռուսական խաղաղապահ զորակազմին և Կարմիր խաչին պատկանող բեռնատար և մարդատար մեքենաների տեղաշարժի մասին: Ադրբեջանը հրապարակավ հայտարարում է, որ միջանցքով տրանսպորտային հաղորդակցությունը դեպի Հայաստան և Հայաստանից Արցախ արգելափակել են ռուս խաղաղապահները: Եվ ահա հիմա ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ սկսել են Արցախին, իրենց բառերով Ղարաբաղի հայկական ծագումով իրենց քաղաքացիներին հումանիտար օգնության կազմակերպումը: Հատկանշական է, որ ակցիայի տեղեկատվական ուղեկցումն արդեն իսկ մեկնարկել է: Ադրբեջանցիները բաց տեքստով են խոսում հումանիտար օգնության նպատակադրման մասին. եթե ռուսները արգելափակեն հումանիտար օգնությունը, այդ կհաստատի, որ ճանապարհը փակել են հենց իրենք:
Եթե ադրբեջանական հումանիտար օգնությունը Արցախ տանող մեքենաների մուտքն ազատ լինի, ապա աշխարհի համար ակնհայտ կդառնա, որ հայերն իրենք են կազմակերպել հումանիտար ճգնաժամ արցախահայության համար՝ միջազգային հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակով»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին