Ադրբեջանը սոցցանցերի օգտագործմամբ փորձում է տեղեկություններ հավաքագրել Արցախի շրջափակման հետևանքների վերաբերյալ. ԱԱԾ
Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայությունը հայտնում է.
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր:
Օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախի Հանրապետությունում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։
Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց:
Նման նպատակներ հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու կամ գրառումների հանդիպելու դեպքում խնդրում ենք դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: