Սուրենյանց. Իշխանությունը ճանապարհ է հարթում նոր «Ալեքսանդրապոլի» համար
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան գրառմամբ սթափության կոչ է հնչեցրել.
«Գուցե մի փոքր երկար ստացվի, բայց այս գրառումն անհրաժեշտ եմ համարում՝ կանխավ ենթադրելով, որ դրա տակ կրկին հանդիպելու եմ մեկնաբանություններ, որոնք արդեն տասնյակ անգամներ կարդացել եմ:
Երբ անցած տարվա դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մեկնել Բրյուսել՝ բանակցությունների, Լաչինի միջանցքը դեռ բաց էր, Ադրբեջանն այդ ժամանակ «փակել» էր բրյուսելյան բանակցություններին Մակրոնի մասնակցության ճանապարհը: Հենց այս պատճառով էլ Փաշինյանը չմեկնեց:
Մոսկվայի բանակցային ռաունդը պաշտոնական Երևանը մերժեց արդեն Լաչինի միջանցքի փակման պատճառով: Թերևս, Փաշինյանի շրջապատում պատեհ համարեցին այդ թեմայով «հասցեական քննարկումներ» ունենալ ոչ թե Ադրբեջանի և Ռուսաստանի, այլ օրինակ՝ Ինդոնեզիայի և Ֆիլիպինների հետ:
Կատակը՝ մի կողմ, բայց հատկապես երկրորդ դեմարշից հետո, մերձիշխանական շրջանակները սկսեցին խոսել Փաշինյանի «համարձակության», «անկախական» կեցվածքի մասին՝ թեև անհասկանալի է, թե ինչպե՞ս նման կերպ կարող է մեկնաբանվել բանակցություններից հրաժարումը, արտաքին քաղաքականությունը միջազգային մեկուսացման, իսկ բանակցային գործընթացը՝ փակուղու մեջ դնելը:
Չկա ռացիոնալ բացատրություն:
Պաշտոնական Երևանն ակնհայտորեն ժամանակ է ձգձգում՝ այն հիմնազուրկ, պատրանքային մտայնությամբ, թե հնարավոր է բանակցային ստատուս-քվոյի վերախաղարկում:
Մինչդեռ չոր փաստերը խոսում են հակառակի մասին:
Հայաստանը պարտվել է 44-օրյա պատերազմը, չունի դաշնակիցներ, փոխզիջելու բան ու ամենավտանգավորը՝ ռազմաքաղաքական բալանսը մեր օգտին չէ:
Նման իրավիճակում ժամանակ ձգձգելը ոչ թե հույսի, այլ պատերազմի դուռ է բացում:
Ստիպված եմ խոսել մեկ այլ խնդրի մասին:
Իշխանության ուղղակի կամ անուղղակի մեսսիջները հանգում են նրան, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գինն Արցախից «ձեռքերը լվանալն» է: Նման նարատիվով են իշխանությունները «վաստակել» Հայաստանի անկախության «պահապանի» կեղծ իմիջը:
Մի կողմ եմ թողնում խնդրի բարոյական կողմը՝ կենտրոնանալով միայն քաղաքական փաստարկների վրա:
Պատերազմից հետո առաջիններից մեկն եմ ասել, որ ԼՂ անկախության օրակարգն այլևս իրական չէ, միֆական է, միևնույն ժամանակ՝ կարևորել եմ Հայաստանի այնպիսի ջանքերը, որոնք կհանգեցնեն ԼՂ որոշակի սուբեկտությանը, նրա ժողովրդի անվտանգության մեխանիզմների ձևավորմանը:
«Ձեռքերը լվանալու» քաղաքականությունը բնավ չի տեղավորվում իմ պատկերացումների ու ռեալիստական ընկալումների մեջ:
Բայց ենթադրենք իշխանությունը ճիշտ է ու այդ կերպ է պատկերացնում հարցի լուծումը: Արդ, ինչո՞ւ իր պատկերացումները չի փորձում փաստաթղթավորել՝ որպես Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագիր, մանավանդ, եթե դրանով, ինչպես համոզված է, երաշխավորելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը հրաժարվում քաղաքական պատասխանատվություն ստանձնել իր պատկերացումների համար, թե՞ հույս ունի Լաչինի ճգնաժամի ու Արցախի հնարավոր հայաթափության պատասխանատվությունը թողնել բացառապես Ռուսաստանի վրա՝ այն միամիտ ակնկալիքով, թե այդ դեպքում այլոց «ախորժակի» թիրախից դուրս կբերի Սյունիքը:
Բայց արդյո՞ք Փաշինյանը չի հասկացել, որ եթե որևէ զիջում կատարվում է ոչ թե բանակցային ճանապարհով, այլ թշնամու ագրեսիայի հետևանքով, ապա դրա դիմաց նա չի ստանալու որևէ երաշխիք՝ ընդամենը ճանապարհ հարթելով նոր «Ալեքսանդրապոլի» համար, Երևանին շատ մոտ որևէ տարածքում:
Եթե պաշտոնական Երևանը շարունակի քաղաքական մեկուսացման իր այսօրվա անհեռանկար քաղաքականությունը՝ գերադասելով բանակցությունները մերժողի «խրոխտ» կեցվածքը, բոլորս երանի ենք տալու Նոյեմբերի 9-ի փաստաթղթին»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Ցինիզմ, որ սահման չունի
- Սուրենյանց. Թե բա՝ «հումանիստ» Եվրոպան շտապում է «դեմոկրատական» Հայաստանը «փրկել» բռնապետական Ադրբեջանից
- Սուրեն Սուրենյանց. Փաշինյանը հատում է մի «կարմիր գիծ»
- Սուրենյանց. Ինչո՞ւ է Լավրովը դժգոհում Երևանից, անգամ հեգնանքով է խոսում Հայաստանի իշխանության վարքագծի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին