Անգլիայում կարգելեն մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքը
Բրիտանական կառավարությունը կարգելի մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի, այդ թվում՝ պլաստիկ դանակների, պատառաքաղերի օգտագործումն Անգլիայում։ Այս մասին հայտնում է Guardian թերթը։
Վիճակագրության համաձայն՝ Անգլիայում տարեկան սպառվում է մոտ 1,1 միլիարդ մեկանգամյա օգտագործման ափսե և 4,25 միլիարդ պլաստիկ պատառաքաղ, որոնցից միայն 10%-ն է վերամշակվում օգտագործելուց հետո։ Նախկինում նմանատիպ արգելքներ արդեն մտցվել էին Շոտլանդիայում և Ուելսում։
Մինչ այս՝ 2020 թվականի աշնանը, Բրիտանիայում արգելվել է պլաստմասե հիմքով բամբակյա փայտիկների և կոկտեյլների համար նախատեսված ձողիկների արտադրությունը։
ԵՄ բոլոր պետությունները՝ սկսած 2019 թվականից, պարտավոր էին մինչև 2021 թվականի հուլիսի 3-ը շուկայից հանել միանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքները: 2021 թվականի հունվարի 1-ից Գերմանիայի կառավարությունը նաև պարտավորեցրել է երկրի ռեստորաններին և սրճարաններին իրենց հաճախորդներին առաջարկել սննդամթերք և խմիչքներ՝ բազմակի օգտագործման տարաներով։