Ադրբեջանցի «էկոակտիվիստների» պատճառով Ստեփանակերտ-Գորիս մայրուղու մի հատվածում ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվել
Արցախի Հանրապետությունում ներկա պահին ավտոճանապարհները բաց են, տեղ-տեղ՝ դժվարանցանելի։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանը։
«Մեքենաների տեղաշարժը Հանրապետության տարածքում ապահովվել է։ Երկու օր է՝ «Արցախուղի» ընկերության և «Վահե Կարապետյան» կազմակերպության կողմից իրականացվում են աղցանման և ձնամաքրման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվել են Ստեփանակերտ-Դրմբոն հանրապետական նշանակության մայրուղում, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի,Ստեփանակերտ-Սարուշեն-Կարմիր շուկա և Ստեփանակերտ-Ասկերան քաղաք ճանապարհատվածներում։ Աշխատանքները մեկնարկել են երեկվանից և վերսկսվել այսօր առավոտյան»,- ներկայացրել է Մ. Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի «էկոակտիվիստների» Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու արգելափակման հետևանքով ձնամաքրման և աղալցման աշխատանքներ, այդ ճանապարհահատվածում չեն իրականացվել, որի պատճառով երթևեկելն այդ հատվածով խիստ վտանգավոր է։ Հետևաբար՝ մայրուղու Ստեփանակերտ-Լիսագոր հատվածը շարունակում է փակ մնալ: Ի դեպ, այդ պատճառով Արցախը հայտնվել է նաև լիակատար շրջափակման մեջ, քանի որ ճանապարհի փակ լինելու պատճառով դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չեն կարող երթևեկել ինչպես Կարմիր խաչի միջազգային կազմակերպության, այնպես էլ ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաները:
Հատկապես՝ խիստ վտանգավոր է դարձել Կարմիր խաչի միջոցով ծանր հիվանդների տեղափոխման գործընթացը այդ ճանապարհով: Ոլորտի պատասխանատուի տեղեկատվությամբ՝ ձյան առատ տեղումներ են եղել Ստեփանակերտ-Ննգի- Մարտունի ճանապարհահատվածում, որտեղ մերկասառույց էր առաջացել, ուստի կրկնակի աղալցում են կատարել: Ստեփանակերտի ավտոկայանի երթակարգավար Կարեն Գասպարյանն էլ իրազեկել է, որ ձյան տեղումների պատճառով Խնուշինակ, Ճարտար և Աշան համայնքների ուղևորափոխադրումը չի իրականացվել։
«Վաղվանից կանոնավոր կերպով կկատարվեն երեք համայնքի ուղևորափոխադրումները։ Ճանապարհների ձյունն արդեն մաքրվել է: Վարորդների կողմից բողոքներ չեն եղել։ Բոլոր ավտոբուսներն ապահովված են ձմեռային անվադողերով»,-ասել է Կ. Գասպարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան