Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով պետք է խոսենք
«Չեմ կարծում, որ մենք պետք է մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով խոսենք»,- ասաց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ընթացող հանդիպմանը՝ պատասխանելով հարցին, ճի՞շտ են ռուսական մամուլում տարածված այն տեղեկությունները, որ Հայաստանը ռուսական կողմին պահանջ է ներկայացրել, եթե հունվարի 10-ին չբացվի Լաչինի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից ու ԱՊՀ-ից։
Նա նշեց՝ Լաչինը միջանցքը փակելու հարցին տրվել են հրապարակային գնահատականներ։
«Այն, ինչ կատարվում է Լաչինի միջանցքում, առաջին հերթին Լեռնակին Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հայության՝ սեփական երկրում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։ Սա է ամենակարևոր կոնտեքստը խնդրի։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները արտահայտվել են։ Կարծում ենք, որ մեր գործիքակազամը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,-ասաց նա։
Փաշինյանն ասաց՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանական Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության վրա։
«Եթե ուշադրություն եք դարձրել, 6-րդ կետում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Կարծում ենք, որ այս առումով մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, և մենք այս գործընթացում ու ընդհանրապես բոլոր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող»,-ասաց նա։
Բանախոսը նշեց, որ 2022 թվականի ընթացքում Հայաստանը Լեռնային Ղարաբաղին աննախադեպ ծավալի՝ ավելի քան 170 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել։
«Շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին, գիտեք, որ հումնաիտար ճգնաժամը կառավարելու հարցում ԼՂ ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորված է աշխատանքային խումբ»,-ասաց նա։
Փաշինյանը, կրկնելով ավելի վաղ արված հայտարարությունը, ասաց՝ ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը։
«Դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ։ Ճիշտ է, Ադրբեջանը 2020թ. նոյեմբեի 9-ից հետո ի հեճուկս պայմանավորվածությունների, ռուս խաղաղապահների մանադատը չի ստորագրել։ Բայց ուզում եմ՝ տեղյակ լինեք, որ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են այդ մանդատը, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այն ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրումից հետո։ Համենայն դեպս, ես համարում եմ, որ այդ փաստաթուղթը որպես եռակող հայտարարության շարունակություն գոյություն ունի։ Առանց դրա էլ ամեն ինչ հստակ է, Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո․ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է ունենա։ Մեծ հաշվով խոսքը նաև Ադրբեջանի պայմանագրաունակության մասին է, միջազգային պարտավարությունները պետք է կատարել»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը չի կատարել եռակողմ հայտարարության այլ պահանջներ ևս, օրինակ գերիների ազատումը, մինչ այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչները ԼՂ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել։
«Էլ չեմ խոսում Հադրութից բռնագաղթած մեր հայրենակիցները, որոնք հնարավարություն չեն ունեցել վերադառնալ իրենց տներ»,-նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան