Թուրքիայից Բուլղարիա արտահանումը 1 տարում աճել է 21%-ով
2022-ին Թուրքիայից Բուլղարիա կատարված արտահանումը 2021-ի հետ համեմատությամբ աճել է 21.4%-ով՝ հասնելով 4 մլրդ 420 մլն դոլարի:Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշը ամենաբարձրն է մինչ այս Թուրքիայից Բուլղարիա կատարված արտահանման ծավալների համար:
Ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալների՝ այս ցուցանիշը կազմում է Թուրքիայի ողջ արտահանման 1.7%-ը, իսկ Բուլղարիան, ըստ երկրների դասակարգման, 13-րդ երկիրն է Թուրքիայից կատարվող արտահանումների ծավալով: 2 Երկրների ընդհանուր առևտրաշրջանառության ծավալն էլ 2022-ին կազմել է 6 մլդ դոլար, ինչն ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախատեսվում է հասցնել 10 մլրդ-ի:
Ըստ Էրդողանի՝ այդ ուղղությամբ գործուն քայլեր կձեռնարկվեն Բուլղարիայի սահմանին տեղակայված թուրքական անցակետերի արդիականացումից հետո:
Դեպի Բուլղարիա արտահանման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել են քիմիական նյութերն ու պատրաստի արտադրանքները (731.9 մլն դոլար), երկաթային ու ոչ երկաթային նյութերը (62.5 մլն դոլար), պողպատի սեկտորը (604.9 մլն դոլար):