Դա կախված է ընդհանուր իրավիճակից ու երկու կողմերի քաղաքական կամքից. Փաշինյանը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների իրականացման արգելքի վերացումը համարում է ողջունելի քայլ այն առումով, որ կարևոր է Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլ նաև իրադաձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար։ Գիտեք, որ նաև Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել, Պրահայում ենք հանդիպել։ Կարևոր է, որ հարաբերություններում դինամիկա ունենանք։ Հույս ունեմ, որ առաջիկայում երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը, ինչպես նաև ակնկալում ենք դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացում»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով, այս իրադարաձությունները կարևոր են, ի դեպ, ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, այլև միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում և, կարծում է, որ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում և միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում։
«Այս իմաստով, իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումն ու հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում։ Հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվել այս ճանապարհով։
Նաև պետք է արձանագրեմ ևս մեկ անգամ պատրաստակամությունը, ինչպես նախկինում հայարարել եմ, Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ։ Մենք դրան պատրաստ ենք, անկեղծ պետք է ասեմ, որ շահագրգռված ենք։ Նաև Հայաստանի տարածքով ավտոբեռնափոխադրումների և ավտոճանապարհների բացումը արևելք-արևմուտք ուղղություններով, նոր ճանապարհների կառուցումը։ Սրանով էլ ենք հետաքրքրված ու շահագրգռված։
Միակ բանը, որ այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ- որ միջնանցքների մասին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են իրագործել հայկական խաչմերուկի իրենց տեսլականը։
Կառավարության ղեկավարի խոսքով, միջազգային բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաների և ուղիների գլոբալ փոփոխությունները կարելի է օգտագործել ի նպաստ տարածաշրջանում կայունության և խաղաղության և ոչ թե հակառակը։
«Այս պարագայում շատ ավելի ակտիվ կլինի հյուսիս –հարավ ճանապարհային և երկաթուղայի բեռնափոխադրումները։ Այս պարագայում մենք խոսում ենք Հայաստանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության, այսինքն Ադրբեջանի տարածքով Իրան-Հյաստան և Իրան-Ադրբեջան, Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին։ Մենք պատրաստ ենք այս ուղղությամբ գնալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ 14 տարի անց կրկին հանդիպելու են Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականները, այդ հանդիպման համատեքսում հնարավո՞ր են երկու երկրների ղեկավարների փոխայցեր, հանդիպումներ՝ նկատի ունենալով այն, որ նախորդ խաղերի ընթացքում նման գործընթացներ տեղի են ունեցել, Փաշինյանը պատասխանեց. «Դա կախված է ընդհանուր իրավիճակից ու երկու կողմերի քաղաքական կամքից։ Կարծում ենք՝ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման դրական այն հնարավորությունները, որոնք կստեղծվեն»։
Փաշինյանը արձանագրեց. «Եթե ուզում ենք Հայաստանն իսկապես զարգացած և անվտանգ պետություն լինի, մենք պետք է մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մասին մտածենք»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով պետք է խոսենք
- Թուրքական կողմը Երևանին հայտնել է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվելու մասին. ԱԳՆ խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան