Արծվիկ Մինասյան. Ակնհայտ է՝ քաղաքական հետապնդման հերթական փուլն է
«Ակնհայտ է, որ սա ամիսներ առաջ սկսված քաղաքական հետապնդման հերթական փուլն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով այսօր վաղ առավոտից Արարատում և Երևանում բնակվող մի շարք դաշնակցականների տներում խուզարկություններ իրականացնելու, բերման ենթարկելու մասին։
Նա ներկայացրեց, թե, ըստ էության, ինչի վրա է հիմնված «այս հանցագործ իշխանության վարքագիծը». «Իրականացնում են ապօրինի գաղտնալսումներ։ Նախ անհասկանալի է, թե ում են գաղտնալսել։ Ի վերջո ներկայացնում են մեղադրանք այս գաղտնալսման տվյալներով. դուք երկուսդ եք խոսում իրար հետ, ինչի մասին են խոսում, ինչ թեմայով, կարևոր չէ։ Կարևորը, եթե նույնականացնում են կամ փորձում են նույնականացնել անձանց, այդ ապօրինի գաղտնալսումը հիմքում դնելով՝ հարուցում են քրեական հետապնդում, դրա հիման վրա մտնում են դատարան, դատարանը տալիս է խուզարկության թույլտվություն։ Ակնհայտ է, որ այս մարդիկ, ովքեր նման որոշումներ են կայացրել, ակնհայտորեն քաղաքական հետապնդման վարքագիծ են դրսևորել, քանի որ խոսքը գնում է քաղաքական ուժի՝ ՀՅԴ կոնկրետ պատասխանատուների մասով։
Այսօր առավոտյան ժամը 7։00-ին նաև ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի տուն են այցելել խուզարկության, հրավիրել են որպես վկա հարցաքննության։ Սա էլ հերթական անհասկանալի բանը։
Անբացատրելի է իրավան տեսակետից, թեև քաղաքական առումով շատ հստակ բացատրելի է, փորձում են շարունակել իրենց ապօրինի վարքագիծը»։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս գործողությունն ուղղված է դիմադրող անձանց դեմ, քաղաքական ակտիվիստների, ցանկացած անձի դեմ, ով ասում է՝ իշխանությունը հանցագործություն է կատարել, հայրենիք է հանձնում, ով ասում է Փաշինյանն ու իր վարչակազմը, ըստ էության, իրականացրել է առևերևութ պետական դավաճանության հանցագործություններ։
«Այս ամենը հատկապես երեկվա ասուլիսի ֆոնին վրա, նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունն այն հայրենահանձնման գործընթացից, որ այս իշխանությունն իրականացնում է»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Մինասյանը հայտնեց, որ արդեն 4 հոգի գտնվում են տարբեր բաժանմունքներում բերման ենթարկման իրավական ռեժիմով, մի քանիսի մասով, ամենայն հավանականությամբ, նաև ձերբակալություններ կլինեն։
«Ով ակտիվիստ է, հատկապես դաշնակցության պարագայում, փորձում են ամեն գնով բռնել, սահմանափակել, կալանավորել, իրենց թվում է՝ դրանով հնարավոր է դիմադրության վրա ջուր ցանել։ Այդպես չի լինում, որովհետև դիմադրողը մի քաղաքական ուժ չէ, ամբողջ ժողովուրդն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ԳՄ նախագահը ստացել է վկայի կարգավիճակ
- Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար. Սաղաթելյան
- ՔԿ-ն՝ դաշնակցականների տներում խուզարկությունների մասին
- Խուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց. Yerkir.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան