Ներքին ոհմակները սպասարկել ու առ այսօր սպասարկում են հակապետական և հակաազգային շահերը. Դավիթ Բաբայան
«Տա Աստված, որ բոլոր այն ծրագրերը, որոնք մնացել են թերի և նախատեսել է Սերգեյ Ղազարյանը, ԱԳ նախարարության անձնակազմի հետ իրականացնի»,-ուղիղ եթերում այսօր հայտարարեց Դավիթ Բաբայանը՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով Արցախի Հանրապետության նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանին:
Բաբայանն ընդծեց, որ նախարարության անձնակազմ ասելով նկատի չունի միայն կենտրոնական ապարատը, այլև՝ տարբեր երկրներում գործող ներկայացուցչությունները, որոնք հայ ժողովրդի և Հայոց պետականության մի մասն են կազմում:
«Իհարկե, ճիշտ չէ, որ ես գնահատական տամ, բայց այս երկու տարիների ընթացքում մեծ գործ է արվել և այդ գնահատականը կարելի է չափել երկու հարթությունում՝ մեր հասարակության ներքո առկա տրամադրություններով, մյուսը՝ հակառակորդների»,-հայտարարեց Բաբայանը:
Նա ասաց, որ գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպում էր Արցախի քաղաքացիների հետ և հասարակության շրջանում կատարված հարցումների արդյունքում Արցախի ԱԳՆ-ն բարձր տեղեր է զբաղեցրել: Մասնավորապես՝ վերջին հարցումով Արցախի ԱԳՆ-ն իր հեղինակությամբ առաջինն է եղել: Այդ կարծիքի արժեքը շեշտելու համար Բաբայանը արձանագրեց փաստը, որ արցախցին անհրաժեշտության դեպքում նաև կոշտ է լինում իր քննադատության և գնահատականների մեջ:
Բաբայանը նշեց, որ Արցախի գերատեսչությունների ղեկավարների վարկանիշում ԱԳ նախարարության ղեկավարն նույնպես առաջին հորիզոնականն է զբաղեցրել և իր երախտագիտությունը հայտնեց հանրությանը՝ այդ բարձր գնահատականի համար՝ հայտարարելով, թե այն փաստում է, որ ծանր օրերին Արցախի ԱԳՆ-ն անձնվիրաբար կանգնել է իր ժողովրդի կողքին:
«Երկրորդը՝ արտաքին և ներքին հակառակորդների, ինչու չէ, թշնամիների մոտեցումն է: Դուք տեսել եք, թե մեր հասարակությունն ինչ կարծիք ունի մեր գերատեսչության մասին, իսկ հակառակ կողմերն ինչ մոտեցում ունեն, հատկապես, թե ինչպիսի վերաբերմունք կա Ադրբեջանում Արցախի ԱԳ նախարարության և իմ նկատմամբ: Այնտեղ ամենահիշատակվող կառույցներից մեկը, եթե չասենք՝ ամենահիշատակվողն Արցախի ԱԳՆ-ն է՝ իր ղեկավարության հետ մեկտեղ և սա շատ լավ չափանիշ է: Նույնը նաև ներքին ոհմակների մասով, որոնք անընդհատ կեղտոտ բաներ են գրում՝ սպասարկել ու առ այսօր սպասարկում են հակապետական և հակաազգային շահերը»,-ասաց Արցախի «Պահպանողական կուսակցության» նախագահը:
Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ կարող է անուն առ անուն նման որոշ մարդկանց թվարկել, սակայն չի ցանկանում իջնել նրանց մակարդակին, իսկ հետագայում, անհրաժեշտության դեպքում, կարող է և հնչեն անուններ, թե ովքեր էին ներսից նման քայլեր անում և ում շահերն էին սպասարկում:
«Դժբախտաբար այդպիսի մարդիկ էլ կան և ոչ միայն անհատներ, այլև կազմակերպություններ, հոսանքներ, նաև ֆեյքերի տակ էին նման բաներ գրում: Բայց սա էլ է չափանիշ, իրենց էլ ենք շնորհակալ, քանի որ իրենց այդ պահվածքով ցույց էին տալիս, որ մենք ճիշտ էինք աշխատում»,-հայտարարեց Արցախի ԱԳ նախկին նախարարը::
Բաբայանն ասաց, որ Արցախի ժողովուրդը գտնվում է իր պատմության ամենավճառական փուլում. «2023 թվականը շատ կարևոր ժամանակահատված է լինելու, ինչ-որ տեղ՝ ջրբաժան կարող է լինել և յուրաքանչյուրս պետք է այս կարևորությունը գիտակցենք»:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվել են Արցախի կառավարության որոշումները
- Տեղի ունեցածը պահանջում է Արցախի ռազմավարության արմատական վերանայում. Դավիթ Բաբայան
- Դավիթ Բաբայան. Պետք է հնարավորինս զերծ մնալ հիմարությունից
- Դավիթ Բաբայանը հանդիպել է ՔՊ-ականներին
- Արցախի կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինայի բնակիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան