Հունահռոմեական և ազատ ոճի մարզիկները մրցաշրջանը կսել են Ծաղկաձորում
Հայաստանի մարզական հաջողությունների գլխավոր հրետանի համարվող մենապայքարային մարզաձևերի ներկայացուցիչներն ավանդաբար ծաղկաձորյան հավաքներով են սկսում մրցաշրջանը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Հունահռոմեական և ազատ ոճի վարպետները խարիսխ են գցել միջազգային ճանաչում ունեցող օլիմպիական մարզավանում: Հավաքականներում ընդգրկված են ազգային և երիտասարդական ընտրանիների շուրջ 80 մարզիկներ:
Ըմբիշները Ծաղկաձորից հետո կշարունակեն մարզվել ու մասնակցել ծրագրով նախատեսված տարբեր մրցաշարերի:
Թիմերն այնտեղ կմնան մինչև փետրվարի 22-ը, որից հետո «կիջնեն» մայրաքաղաքի Օլիմպավան:
Անելիքների մասին զրուցեցինք տարիքային տարբեր խմբերում աշխատող մարզիչների հետ: Ինչպես միշտ, նոր մրցաշրջանը նույնպես հագեցած է համապետական և միջազգային միջոցառումներով: Նպատակը մեկն է՝ հաջող մասնակցություն ունենալ և բարձր տրամադրությամբ տուն վերադառնալ:
Պատանիների և երիտասարդների հետ աշխատող մասնագետները ցանկանում են հուսալի հերթափոխ պատրաստել միջազգային մրցաբեմերում մեծ համարում ունեցող մեր ազգային գլխավոր թիմերի համար: Դա նկատվեց նաև զրույցներում: Թերևս առավել ուշագրավն այն էր, որ զրուցակիցները մտահոգված են հատկապես Սերբիայում սեպտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնության առթիվ: Բանն այն է, որ Բելգրադում խաղարկվելու են «Փարիզ -2024»-ի օլիմպիական ուղեգրեր, որոնք կշնորհվեն բոլոր տասը քաշային կարգերի առաջին հնգյակներում տեղ գտնող ըմբիշներին: Այս մասին, իհարկե, լավ գիտեն իրենք ՝ թիմերի ընտրյալները:
Հուսանք,որ օլիմպիական դառնալու ցանկությունը իրականություն կդառնա, մանավանդ որ, նախապատրաստությունն ընթանում է համապատասխան ծրագրով:
Հիշեցնենք, որ ազատ ըմբշամարտի հավաքականի մարզչական կազմը գլխավորում է Հաբեթնակ Կուրղինյանը, իսկ հունահռոմեականինը ՝ Արմեն Բաբալարյանը»,- գրել է ՀԱՕԿ-ը: